«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի երկու գործընկեր՝ «ՍԻՍ-ԱԼՊ» ՍՊԸ-ն և «Թադ-Մ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի երկու ակտիվ շահառուներ՝ «Արկադյա Խաչիկյան» ԱՁ–ն և «Թության» ՍՊԸ-ն այս տարի իրենց լայն ապրանքատեսականին ներկայացրեցին հանրությանը՝ արդեն ավանդական դարձած «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն»-ին:
Փառատոնի անցկացումը ամենամյա բնույթ է կրում և կազմակերպվում է գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն` ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և տեղական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Այս տարի Փառատոնը տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ին` Կիրովի անվան մանկական այգում: Փառատոնի հիմնական նպատակն է աջակցել գյուղական համայնքների զարգացմանը:
«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն արդեն երրորդ տարին է, ինչ հանդիսանում է այս փառատոնի կազմակերպման գործընկերը: Փառատոնի ընթացքում անցկացվեցին մրցույթներ ֆերմերների միջև տարբեր անվանակարգերում, ինչպես նաև հետաքրքիր միջոցառումներ ու խաղեր երեխաների համար: Փառատոնը ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ, ավանդական երգ ու պարով:
Այս «համեղ» փառատոնի ընթացքում ցուցադրվել է մրգի, բանջարեղենի, կաթնամթերքի, մեղրի, չրերի լավագույն տեսականին և բոլոր ներկաները հնարավորություն են ունեցել ոչ միայն համտեսել, այլ նաև գնել դրանք: Այս փառատոնի ընթացքում Հայաստանի, Վրաստանի և Իրանի ֆերմերները ներկայացրեցին իրենց բարձրորակ արտադրանքը, որն աչքի էր ընկնում նաև իր յուրահատուկ համով և տեսքով: