«Անասնապահության զարգացում Հայաստանում․ հարավ-հյուսիս- 2» ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը և ծրագրային թիմը հուլիսի 16-ին «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ֊-ում մասնակցել են «Խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվության բարձրացման ծրագրի» իրականացմանը նվիրված աշխատաժողովին, որին ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, այլ պաշտոնյաներ։
Կազմակերպության ղեկավար Մկրտիչ Այվազյանը բարձր է գնահատել էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական։
Ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը և կենդանիների առողջության և բուժման մասնագետ Միքայել Հայկունին ներկայացրել են «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից անասնապահության ոլորտում իրականացված և ընթացիկ ծրագրերով Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի շուրջ 200 բնակավայրերում խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվության բարձրացման, կովերի արհեստական սերմնավորման ծառայությունների հասանեիության ապահովման, անասնաբույժների կարողությունների զարգացման, ինչպես նաև տեխնիկական աջակցության ցուցաբերման ուղղությամբ կատարված աշխատանքները։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի ընթացիկ արդյունքները, ընդգծվել է ԽԵԿ֊ի մթերատվության բարձրացման ծրագրով համատեղ «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ֊ի բազայի վրա տոհմակայանի հիմնման անհրաժեշտությունը, որը կնպաստի ՀՀ֊ում բուծվող տավարի տոհմային հատկանիշների և մթերատվության բարձրացմանը։
Էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանն ընդգծել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությունը Կառավարության նախաձեռնությունների իրականացմանը և հույս հայտնել, որ այդ համագործակցությունը այսուհետ ևս կլինի բազմաբնույթ և արդյունավետ։
Համատեղ ծրագրի նախագծման աշխատանքները կշարունակվեն շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։

