NEWSARM

«Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի մեկնարկի միջոցառում

Տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և  «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի մեկնարկի միջոցառումը:

Ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել համագործակցությունը մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների և մասնավոր հատվածի միջև՝ Գորիսի և Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջներում փորձարկելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը գյուղատնտեսական երկու մասնագիտություններում` Անասնաբուժություն ու Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա:

Միջոցառմանը մասնակցեցին և ողջույնի խոսքով հանդես եկան ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան՝ տկն. Անդրեա Վիկտորինը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար` պրն. Արայիկ Հարությունյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ՝ տկն. Նաիրա Մարգարյանը, ՀՀ ԿԳՄՍՆ ՄԿՈՒ վարչության պետ` պրն. Արտակ Աղբալյանը, ՌԶԳ ՀԿ-ի նախագահ՝ պրն. Մկրտիչ Այվազյանը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ կառավարության, ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի, ՄԿՈՒ հաստատությունների, ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների և դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի և լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Ելույթ ունեցողները կարևորեցին աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի մշակումը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում, նշելով, որ դա հնարավորություն կտա համապատասխանեցնել մասնագիտական կրթությունը աշխատաշուկայի պահանջարկին և կնպաստի զբաղվածության խթանմանը երիտասարդների շրջանում:

Միջոցառման ավարտին ծրագրի ղեկավար՝ տկն. Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի նպատակը, խնդիրները և ակնկալվող արդյունքները, ինչպես նաև պատասխանեց մասնակիցների հարցերին:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *