NEWSARM, Family Projects

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի ղեկավար խորհրդի նիստ

Ս․թ․ ապրիլի 27-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ կողմից իրականացվող ու Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց ղեկավար խորհրդի նիստ: Ղեկավար խորհրդի նիստին ներկա էին՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, ՀՀ ՏԿԵՆ ՏԻՔ վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) փոխտնօրեն Նորա Ալանակյանը, ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզպետարանների և ծրագրի շահառու համայնքների ներկայացուցիչներ։

Ղեկավար խորհրդի նիստը մեկնարկեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանի ողջույնի խոսքով, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց Ավստրիական զարգացման գործակալությանը՝ ծրագիրը ֆինանսավորելու համար և կարևորեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները։

ՀՀ ՏԿԵՆ ՏԻՔ վարչության պետ Աշոտ Գիլոյանն իր խոսքում նշեց, որ լինում են իրավիճակներ երբ անհրաժեշտ է խնդիրները լուծել օգտվելով համայնքի ողջ ներուժից, և հենց այս պարագայում կարևոր է համայնքային ներկայացուցիչների մասնակցությունը այս նիստին։

Միջոցառման ընթացքում ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց իրականացված ծրագրային միջամտություններն ու առկա խոչընդոտները։

Ղեկավար խորհրդի նիստին շահագրգիռ կողմերի հետ քննարկվեցին ծրագրի շրջանակներում արձանագրված արդյունքներն ու հետագա անելիքները: