«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում․ հարավ-հյուսիս – 2» ծրագրի շրջանակներում հուլիսի 8-19-ը ծրագրի շահառու ֆերմերների, անասնաբույժների և կովերի արհեստական սերմնավորում իրականացնող տեխնիկների կարողությունների զարգացման նպատակով Նիդերլանդներից Հայաստան է հրավիրվել PUM-ի փորձագետ Յան Մուսկենսը։
Փորձագետն այցելել է ծրագրի շահառու առաջատար ֆերմաներ և տեղում խորհրդատվություն տրամադրել ֆերմերներին ԽԵԿ-ի վերարտադրության, կերակրման և բուծման արդյունավետ կառավարման վերաբերյալ: Յան Մուսկենսը Գյումրիի սելեկցիոն կայանի ներկայացուցիչների հետ քննարկել է կենտրոնի ռազմավարական պլանավորմանն առնչվող հարցեր և փորձագիտական կարծիքն ու առաջարկություններ ներկայացրել հետագա աշխատանքների համար։
Այնուհետև ծրագրի թիրախային մարզերի շուրջ 35 անասնաբույժների և կովերի արհեստական սերմնավորում կատարող տեխնիկների համար հուլիսի 17-19-ը դը Ռանչ տարածքում վերապատրաստման դասընթաց է անցկացվել «ԽԵԿ-ի վերարտադրության կառավարումը՝ որպես կայուն տավարաբուծության հիմք» թեմայով։
Դասընթացի մասնակիցները գործնական և տեսական գիտելիքներ ու հմտություններ են ստացել ստերջության, նախրի վերարտադրության կառավարման և այդ գործում կովերի արհեստական սերմնավորման ծառայության նշանակության այլ կարևոր գործոնների վերաբերյալ։