NEWSARM

SEIRA Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերի իրազեկման միջոցառում

«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում»  (SEIRA) ծրագրի շրջանակում թիրախային  համայնքների պատասխանատուների համար հուլիսի 3-4-ը Ծաղկաձորում անցկացվեց «Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերի իրազեկում» թեմայով դասընթաց։

Դասընթացին ներկա գտնվեցին  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, ԷՆ անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանը, SEIRA ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը, ոլորտի այլ պատասխանատուներ։

ՀՀ ԷՆ անասնաբուծության վարչության պատասխանատուները ներկայացրեցին գործող պետական ծրագրերում իրականացված փոփոխությունները, ինչպես նաև նոր ծրագրերին վերաբերող օրենսդրական կարգավորումներն ու իրականացման ընթացակարգերը։

Մասնավորապես՝ մանրամասն անդրադարձ կատարվեց մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրին և «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքին։

Այնուհետև մասնակիցներին ներկայացվեցին ՀՀ-ում պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերը և դրանց շրջանակում կատարվող մոնիթորինգի ընթացքը։

SEIRA ծրագրի թիրախային համայնքների ղեկավարները հնարավորություն ունեցան շփվելու նախարարության ոլորտային պատասխանատուների հետ և քննարկելու առկա խնդիրները։

«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագիրը խթանում է սոցիալ-տնտեսական ինտեգրումը՝ բարելավելով առողջ սննդի հասանելիությունը և ստեղծելով կայուն կենսապայմաններ գյուղատնտեսության զարգացման միջոցով՝ հզորացնելու փախստականներին և Հայաստանի ընդունող համայնքներին։

SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։