SuccessStoriesARM

«ԴՈՒԱԼ կրթությունը իմ հետաքրքրությունը վերածեց իրական մասնագիտական հմտությունների» ՄԱՎԵՏԱ ծրագրի աշկերտ Մարտուն Մինասյան

Մարտուն Մինասյան / Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա / Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

Վստահ էի, որ ցանկանում եմ դառնալ կաթնամթերքի ոլորտի մասնագետ։ Այս ոլորտը միշտ հետաքրքրել է ինձ, և ուզում էի իմ մասնագիտական ապագան կապել հենց այդ աշխատանքի հետ։ Երբ ընդունվեցի Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ (այժմ՝ Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ) և ընտրեցի «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունը, արդեն հստակ պատկերացնում էի, որ ցանկանում եմ աշխատել հենց այս ոլորտում։

Մինչ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում ներդրված ԴՈՒԱԼ կրթական ծրագրին միանալը, այս կրթական մոդելի մասին երբևէ չէի լսել։ Սակայն ծրագրին մասնակցելուց հետո շատ արագ հասկացա, թե որքան արդյունավետ կարող է լինել այս մոտեցումը։ ԴՈՒԱԼ կրթությունը հնարավորություն տվեց տեսական ուսուցումը համադրել իրական աշխատանքային փորձի հետ, ինչի շնորհիվ սովորելու գործընթացը դարձավ ավելի գործնական և հասկանալի։

Գործնական ուսուցումս անցել եմ «Էլոլա» կաթնամթերքի արտադրամասում, որտեղ ներգրավված էի թթվասերի արտադրամասում իրականացվող աշխատանքներում։ Ես ոչ թե պարզապես դիտորդ էի, այլ մասնակցում էի արտադրության ամբողջ գործընթացին։ Քայլ առ քայլ ծանոթանում էի արտադրական գծի աշխատանքին՝ հասկանալով, թե ինչպես է կազմակերպվում գործընթացը և ինչպես պետք է ճիշտ աշխատեցնել սարքավորումները։ Արտադրական միջավայրում աշխատելը հնարավորություն տվեց ձեռք բերել այնպիսի գործնական հմտություններ, որոնք միայն դասագրքերից սովորել հնարավոր չէր։

ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում մասնակցել եմ նաև փափուկ հմտությունների զարգացման դասընթացների, որոնք օգնել են ավելի լավ հասկանալ թիմային աշխատանքի կարևորությունը, պատասխանատվության զգացումը և աշխատանքային հաղորդակցության սկզբունքները։

Արդյունքն ինքնին խոսուն է

Այսօր ես վստահ եմ իմ մասնագիտական կարողությունների վրա։ Իրական արտադրական միջավայրում ձեռք բերած փորձը օգնեց ավելի խորությամբ հասկանալ մասնագիտությունս և վստահորեն կատարել իմ աշխատանքային պարտականությունները։ Ամենակարևորը՝ համոզվեցի, որ սա հենց այն ոլորտն է, որտեղ ցանկանում եմ շարունակել աշխատել և զարգանալ։

Իմ նպատակն է շարունակել զարգացնել իմ մասնագիտական հմտությունները կաթնամթերքի արտադրության ոլորտում և ապագայում աշխատել այս ոլորտում։ Ես պայմանավորվածություն ունեմ իմ գործատուի հետ աշխատել ամբողջ դրույքով թթվասերի արտադրության բաժնում։ Վերջնական քննություններս ավարտելուց հետո հույս ունեմ այս տարի աշխատանքի անցնել և շարունակել աշխատել ընկերությունում։

 Խորհուրդ կտա՞մ ԴՈՒԱԼ կրթությունը այլ երիտասարդների

Աներկբայորեն՝ այո։ ԴՈՒԱԼ կրթության միջոցով կարելի է շատ ավելի բան սովորել, քան միայն տեսական կրթության դեպքում։ Երբ գիտելիքը անմիջապես կիրառվում է գործնականում, այն վերածվում է իրական հմտության, իսկ դա մեծ առավելություն է աշխատաշուկա մուտք գործելու համար։

Եթե մեկ նախադասությամբ ձևակերպեմ իմ փորձը՝ ԴՈՒԱԼ կրթությունը ինձ տվեց գործնական փորձ և ինքնավստահություն՝ որպես մասնագետ զարգանալու և մեր ոլորտի զարգացմանը նպաստելու համար։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։