Ամալյա Ջհանգիրյան / Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա / Գորիսի ԲՊՔ
Ես Արցախից բռնի տեղահանված եմ։ Երբ տեղափոխվեցի Հայաստան, թվում էր՝ իմ կրթությունը, իմ մասնագիտությունը, իմ երազանքները կիսատ մնացին։ Այն ժամանակ ես չէի էլ կարող պատկերացնել, որ MAVETA ծրագիրը, ԴՈՒԱԼ կրթության ներդրման միջոցով, դառնալու էր այն շրջադարձային կետը, որը փոխելու էր իմ կյանքը։ MAVETA-ն պարզապես հնարավորություն չտվեց շարունակելու ուսումս․ այն վերականգնեց իմ վստահությունը, վերաիմաստավորեց իմ մասնագիտական ուղին և վերադարձրեց հավատը, որ իմ երազանքները դեռ հասանելի են։
Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում (այժմ՝ Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ) ԴՈՒԱԼ կրթական ծրագրում ընդգրկվելով՝ ես մուտք գործեցի մի համակարգ, որտեղ ուսումն այլևս սահմանափակված չէր միայն լսարաններով։ Տեսությունը անմիջապես կապվում էր գործնականի հետ, և կրթությունը վերածվեց կենդանի, դինամիկ գործընթացի։
Սկզբում նույնիսկ վստահ չէի, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել։ Սակայն հենց սկսեցի զուգահեռաբար սովորել տեսական դասերը և աշխատել արտադրությունում, ամեն ինչ փոխվեց։ «Էլոլա» ՓԲԸ-ում և «Գորիս Կաթ»-ում ներգրավված էի ամբողջ արտադրական շղթայում՝ կաթի ընդունումից և լաբորատոր փորձաքննությունից մինչև վերամշակում, փաթեթավորում և պահեստավորում։
Դասարանում կարդացած յուրաքանչյուր տող արտադրությունում կենդանանում էր։ Երբեմն էլ հակառակը՝ գործնականում կատարած աշխատանքն ավելի խորությամբ էր ամրապնդվում տեսական դասը։ Այդ փոխկապակցվածությունը ինձ դարձրեց ոչ թե պարզապես ուսանող, այլ արդեն ձևավորվող մասնագետ։
Արդյունքն ինքնին խոսուն է
Այսօր ես արդեն աշխատանքային փորձ ունեցող մասնագետ եմ։ Կարող եմ գործատուին վստահ ասել՝ ես գիտեմ այս գործը։
Իմ երկարաժամկետ նպատակը հստակ է․ Հայաստանում հիմնել սեփական արտադրություն և արտադրել պանրատեսակներ, որոնք դեռևս չեն արտադրվում մեր երկրում։
ԴՈՒԱԼ կրթությունը ինձ համար պարզապես ուսուցման մեթոդ չէ։ Այն հնարավորություն տվեց իրական պայմաններում հասկանալ, որ իմ ընտրած մասնագիտությունը իսկապես իմն է։
Խորհուրդ կտա՞մ ԴՈՒԱԼ կրթությունը այլ երիտասարդների
Աներկբայորեն՝ այո։ Երբ շփվում եմ այլ ուսանողների հետ, որոնք սովորում են միայն տեսական ծրագրով, հասկանում եմ՝ նրանք կորցնում են ամենաթանկը՝ փորձն ու ժամանակը։ ԴՈՒԱԼ կրթությունը երիտասարդին տալիս է ոչ միայն գիտելիք, այլ նաև ինքնավստահություն, հստակ նպատակ և աշխատաշուկա մուտք գործելու պատրաստություն։
Իմ կարծիքով՝ ԴՈՒԱԼ կրթությունը շատ ավելին է, քան պարզապես գիտելիքների, հմտությունների և կարողությունների փոխանցում․ այն ձևավորում է ինքնավստահություն, հստակ ուղղվածություն և իրական մասնագիտական պատրաստվածություն։ Իրական արտադրական միջավայրում սովորելը ինձ հնարավորություն տվեց զարգացնել ոչ միայն մասնագիտական տեխնիկական կարողություններ, այլև այն կարևոր փափուկ հմտությունները, որոնք գործատուները բարձր են գնահատում՝ թիմային աշխատանք, հաղորդակցություն, պատասխանատվություն, ժամանակի կառավարում և խնդիրների լուծում։ Իրական գործընթացների և որոշումների մեջ ներգրավված լինելը ինձ ուսանողից վերածեց երիտասարդ մասնագետի, որը հստակությամբ և ինքնավստահությամբ պատրաստ է մուտք գործել աշխատաշուկա։
Եթե մեկ նախադասությամբ ասեմ՝ ՄԱՎԵՏԱ ծրագիրը ԴՈՒԱԼ կրթության միջոցով վերադարձրեց ինձ իմ երազանքները և տվեց դրանց հետևելու վստահությունը։

