NEWSARM

ՄԿՈՒ ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների երկխոսության/քննարկումների հարթակի ամենամյա հանդիպում

Ս.թ․ փետրվարի 7-ին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈւ արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից կազմակերպվեց մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների  երկխոսության/քննարկումների հարթակի տարեկան հանդիպումը:

Երկխոսության/քննարկումների հարթակը ստեղծվել է 2017թ. «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում սերտորեն համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:

Հարթակը միավորում է ՄԿՈւ ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների և այն շահագրգիռ կառույցների, որոնք նպաստում են Հայաստանում ՄԿՈւ համակարգի զարգացմանը՝ նպատակ ունենալով արդյունավետ համակարգել ոլորտում գործող նախաձեռնությունները, կիսվել իրականացված ծրագրերի փորձով ու ձեռքբերումներով, ինչպես նաև քննարկել  պլանավորվող գործողությունները:

Համաժողովին մասնակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ), ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության, ՄԱԶԾ և այլ տեղական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ՝ տիկին Արաքսիա Սվաջյանը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ` պարոն Վերներ Թութը և HEKS/EPER Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն՝ պարոն Բեկա Ուռուշաձեն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ՝ Արաքսիա Սվաջյանն ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց միջազգային և տեղական գործընկերներին՝ շեշտելով, որ ՀՀ տնտեսության զարգացման համար գյուղատնտեսական մասնագիտությունների բարելավումն ունի ռազմավարական կարևորություն:

«Պետք է փորձենք, մասնավորի հետ համագործակցելով, ՄԿՈւ համակարգը էլ ավելի լավը դարձնել, և այս ճանապարհին կարևոր են օրենսդրական բարեփոխումներն ու դասավանդողների վերապատրաստումը»,-ասաց նա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքին հաջորդեց Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ` Վերներ Թութը, ով ներկայացրեց Շվեյցարիայի փորձն ու կարևորեց Հայաստանի ՄԿՈւ համակարգում մասնավորի հատվածի և պետական կառույցների սերտ համագործակցությունը։

Համաժողովի ընթացքում ներկայացվեց «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈւ արդիականացում» (MAVETA) ծրագիրը, Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագիրը, ՄԿՈւ ոլորտում իրականացվող ծրագրերն ու քննարկվեցին  համագործակցության հնարավորությունները։

Խմբային քննարկումների միջոցով քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ՄԿՈւ ոլորտում մասնավոր հատվածի ներգրավումը, դասավանդողների վերապատրաստումների կարիքն ու մոտիվացիայի ստեղծման համար անհրաժեշտ քայլերը։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն: Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: