HomePageARM, NEWSARM

Կայացավ Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան նվիրված խորհրդաժողով

2021թ. հունիսի 7-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» ֆինանսավորմամբ, կազմակերպվեց Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան նվիրված խորհրդաժողով:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2018թ. հունիսի 7-ը հռչակել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր: Այն ընդամենը երեք տարվա պատմություն ունի, սակայն արդեն գյուղատնտեսական հանրության շրջանում և սննդարդյունաբերության բնագավառում արմատավորվել է որպես մասնագիտական տոն:

Խորհրդաժողովի նպատակն էր սննդամթերքի անվտանգության երաշխավորման գործընթացում համադրել ջանքերը՝ բացահայտել ոլորտի հիմնախնդիրները, նոր առաջացող ռիսկերը և մշակել դրանց դեմ պայքարի մեխանիզմներ, ինչպես նաև հանրության համար հասանելի դարձնել սննդամթերքի անվտանգության կարևորությունը մարդու առողջության պահպանման և պարենային ապահովության երաշխավորման գործում:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Արդյունաբերական զարգացման կազմակերպության, Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Դաշնության առևտրային պալատի, ՀՀ բարձրագույն կրթական, գիտական և լաբորատոր ոլորտների, հասարակական կազմակերպությունների, և, իհարկե, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ողջունեցին և շնորհավորեցին մասնակիցներին՝ կարևորելով անվտանգ սննդամթերք ընտրելու և օգտագործելու սկզբունքները, ինչպես նաև պարենային ապահովության առաջնահերթությունը։

Խորհրդաժողովի մասնակից-մասնագետները ներկայացրեցին սննդամթերքի անվտանգության ոլորտում տեղական և միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող նախագծերն ու ծրագրերը՝ կարևորելով սննդամթերքի անվտանգության դերը հանրային առողջապահության ոլորտում: