HomePageARM, NEWSARM

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն այցելեցին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ

2021թ. մայիսի 31-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն այցելեցին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից  իրականացված «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շահառու ուսանողների հետ հանդիպելու, ծրագրի շրջանակներում վերջիններիս գրանցած ձեռքբերումներին  ծանոթանալու, «Անասնաբուժություն» ու «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունների գծով աշխատանքի առկա և հետագա հեռանկարները, աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի առավելություններն ու թերությունները քննարկելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց «Անասնաբուժություն» ու «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունների կրթական ծրագրերում առկա բացերին, քոլեջում ուսումնառության ու պրակտիկայի կազմակերպման համար անհրաժեշտ նյութատեխնիկական պայմանների բացակայության խնդրին և քննարկվեցին թվարկված խնդիրների հնարավոր լուծման տարբերակները:

Ուսանողները դեսպանին ներկայացրին իրենց ուսումնասիրության՝ հատկապես գործնական պարապունքների արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները, խոսեցին ոլորտում իրենց պլանների և տեսլականի մասին, հնչեցրին իրենց հուզող հարցերը, ինչպես նաև ընդգծեցին նմանատիպ ծրագրերի կարևորությունը ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների տեսանկյունից և շնորհակալություն հայտնեցին դեսպանին այցի համար: