HomePageARM, NEWSARM

Կայացավ «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի փակման միջոցառումը

Ս.թ. ապրիլի 22-ին, ՀՀ Լոռու մարզի ք. Ստեփանավանում տեղի ունեցավ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ) արդյունավետ հնարավորությունների» ծրագրի փակման միջոցառումը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության ՆՄԿՈՒ վարչության պետ` Արտակ Աղբալյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ՝ Արփինե Մատինյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ՝  Մկրտիչ Այվազյանը, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր համայնքների ղեկավարները, ծրագրի գործընկեր Ստեփանավանի և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջների տնօրենները, դասախոսներն ու ուսանողները, հյուրընկալող ընկերությունների տնօրենները:

Ծրագրի նպատակն է ամրապնդել համագործակցությունը մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների և մասնավոր հատվածի միջև՝ Գորիսի և Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջներում փորձարկելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը գյուղատնտեսական երկու մասնագիտություններում` «Անասնաբուժություն» ու «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա»:

Միջոցառման շրջանակներում այցելություններ կազմակերպվեցին ծրագրի գործընկեր հանդիսացող հյուրընկալող ընկերություններ («Լոռվա կաթ» ՍՊԸ, Ասատուր Հարությունյան ԱՁ)՝ երկու մասնագիտություններով ՄԿՈՒ ուսանողների աշխատանքի վրա հիմնված ուսուցառման իրականացմանը ծանոթանալու նպատակով:

Միջոցառումը շարունակվեց ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության ՆՄԿՈՒ վարչության պետ` Արտակ Աղբալյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ՝ Արփինե Մատինյանը, ՌԶԳ ՀԿ-ի նախագահ՝ Մկրտիչ Այվազյանը:

Ելույթ ունեցողները շնորհակալական խոսքով անդրադարձ կատարեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից իրականացվող ՄԿՈՒ ոլորտի զարգացմանն ուղղված աջակցման ծրագրերի ապահովմանը՝ նշելով դրանց կարևոր դերը երկրում կրթական համակարգի բարելավման կայուն հիմքեր ստեղծելու համար: Ելույթների ընթացքում շեշտադրվեց պետության, ուսումնական  հաստատության և մասնավոր հատվածի հավասար մասնակցության ու պատասխանատվության ապահովման անհրաժեշտությունը ԱՀՈՒ կրթական մոդելի մոտեցումները արդյունավետ իրագործելու նպատակով: Վերջիններիս խոսքով, Հայաստանի կրթական ոլորտում ԱՀՈՒ մոդելի մոտեցումների կիրարկումը թույլ կտա վերացնել ՄԿՈՒ ուսուցման ավանդական ձևերի և մեթոդների հիմնական բացերը՝ ուժեղացնելով ուսումնական գործընթացի գործնական կողմնորոշումը, միաժամանակ պահպանելով տեսական բաղադրիչի մակարդակը:

Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների արդյունքները, ԱՀՈՒ մոդելի փորձարկման ընթացքում ծագած խոչընդոտներն ու մարտահրավերները, ինչպես նաև դրանց վերացման համար հնարավոր լուծումները: