NEWSARM

Կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում

Oգոստոսի 18-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն, համագործակցելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնի հետ, կազմակերպեց «Աշխատանքի տոնավաճառ» ՀՀ Սյունիքի մարզի, Գորիս քաղաքում։

«Աշխատանքի տոնավաճառ»-ը կազմակերպվել էր «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով  մեկ հարթակ բերել գյուղատնտեսական ոլորտի գործատուներին և աշխատանք փնտրողներին:

Տոնավաճառի մասնակից 15-ից ավել մասնավոր ընկերություններ ցուցադրեցին իրենց արտադրանքը և աշխատանք փնտրողներին ներկայացրեցին առկա թափուր աշխատատեղերը, իրենց կազմակերպության զարգացման հեռանկարն ու իրենց կողմից պահանջվող հմտությունները։

Աշխատանք փնտրողները լրացրեցին ինքնակենսագրականի ձևաթղթերը՝ հետագայում համագործակցելու համար։

«Աշխատանքի տոնավաճառ»-ի ընթացքում անցկացվեց նաև «Կարիերայի պլանավորում և անհրաժեշտ հմտությունների զարգացում» թեմայով դասընթաց և գյուղատնտեսական մասնագիտություններին բնորոշ պրակտիկ գործողությունների ցուցադրություն:

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել աշխատանքի դիմելու արդի մարտահրավերները։ Նրանք տեղեկատվություն ստացան աշխատաշուկայում մրցունակ լինելու ու կարիերա պլանավորելու մասին:

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

 Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: