HomePageARM, NEWSARM

«ԽԵԿ-երի կտրիչի հատում» թեմայով անասնաբույժների գործնական վերապատրաստման դասընթաց

Սույն թվականի հուլիսի 1-ին և 2-ին «Սյունիքի անասնաշուկայում» «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» և «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրերի շրջանակներում տեղի ունեցավ «ԽԵԿ-երի կտրիչի հատում» թեմայով անասնաբույժների գործնական վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեցին ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 52 անասնաբույժ:

Դասընթացը բաղկացած է եղել տեսական և գործնական մասերից: Մինչև բուն վիրահատական միջամտությունն իրականացնելը՝ տեսական մասում, մասնակիցներին ներկայացվել է կտրիչի հատման ցուցումները, նախավիրահատական և հետվիրահատական միջամտությունները և դրանց պահպանման անհրաժեշտությունը: Վիրահատությունը իրականացվել է փորձակենդանու վրա, որի ժամանակ մանրամասն անդրադարձ է կատարվել տեսական մասում հիշատակված նյութի վրա: Արդյունքում մասնակիցները ամրապնդել են տեսական գիտելիքները և ձեռք բերել վիրահատություն կատարելու գործնական հմտություններ: Ամբողջ վիրահատական միջամտության ընթացքում անասնաբույժները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն և իրականացրել են որոշ միջամտություններ:

Դասընթացի գործնական մասում զուգահեռներ են տարվել կտրիչի հատման և հղի կենդանիների Կեսարյան հատման նմանությունների միջև, ցուցադրվել են նաև Կեսարյան հատման քայլերը և մանրամասները:

Հաշվի առնելով անասնաբույժների հետաքրքրվածությունը՝ ՌԶԳ ՀԿ դասընթացավարը փորձակենդանու վրա ցույց է տվել նաև պոչային երակից արյան նմուշառման տեխնիկան, որի իմացությունը նկատելիորեն հեշտացնում է պետպատվերի շրջանակներում իրականացվող միջոցառումների, մասնավորապես՝ Բրուցելյոզի ախտորոշման համար արյան նմուշառման կատարումը: