HomePageARM, NEWSARM

«Արոտավայրերի կառավարման պլանների մշակման/արդիականացման մեթոդաբանությունն ու գործառույթները» թեմայով դասընթաց

Հունիսի 10-ին ՀՀ Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում համայնքապետարանի աշխատակազմի համար իրականացվեց «Արոտավայրերի կառավարման պլանների մշակման/արդիականացման մեթոդաբանությունն ու գործառույթները» թեմայով դասընթաց ։

Դասընթացը կազմակերպվել է «Լոռու և Շիրակի մարզերում արոտների և խոտհարքների քարտեզների փորձարկման աշխատանքների և ակնկալվող արդյունքների ներկայացում» պիլոտային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԳՄՀԸ ԷԿՈՍԵՐՎ ծրագրի կողմից, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի համաֆինանսավորմամբ։

Դասընթացի նպատակն էր համալրել թիրախային համայնքի համայնքապետարանի աշխատակիցների գիտելիքներն այնպիսի թեմաներով, ինչպիսիք են՝

  • Արոտային կերի պահանջի և հաշվեկշռի կազմում:
  • Արոտավայրի թույլատրելի բեռնավածության՝ ԱԹԲ-ի, և  արոտային տարածքի պահանջի հաշվարկումն ըստ պայմանական խոշոր միավորի:
  • Արոտաշրջանառության նախագծի և արոտավայրերի հերթական արոտաբաժնային եղանակով օգտագործման կարգի ու ժամանակացույցի գրաֆիկի կազմում:
  • Հերթափոխ արոտաբաժնային կարգով արոտօգտագործման պլանների (կառավարման պլաններ) մշակում:

Դասընթացը եզրափակվեց թեմայի շուրջ քննարկմամբ: Մասնակիցները կարևորեցին նմանօրինակ դասընթացների դերը բնական ռեսուրսների օպտիմալ օգտագործման գործում: