Uncategorized

«Անասնապահության զարգացում Հայաստանի հյուսիսում»

«Անասնապահության զարգացում Հայաստանի հյուսիսում» ծրագիրը, որն իրականացվում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն»(ՌԶԳ) ՀԿ-ի և ֆինանսավորվումˋ Ավստրիական Զարգացման ԳործակալությանˋԱվստրիական զարգացման համագործակցության գործառնական միավորի (ԱԶՀ) կողմից, ներգրավում է ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 12 գյուղական համայնքˋ 15,000 բնակչությամբ (4,500 տնտեսություն): Ծրագրի գործընկերներն են ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը, Տավուշի և Գեղարքունիքի մարզպետարանները և տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ-րը):

Այս ծրագիրը «Գյուղատնտեսական Խորհրդատվական Ծառայություններ և Արոտավայրերի Կառավարում Տավուշի Մարզում (Հայաստանի Հյուսիս)» ծրագրի տրամաբանական շարունակությունն է, որը սկսել է 2012 թվականի նոյեմբերին և շարունակվել մինչև 2015 թվականի հոկտեմբեր: Ծրագրի նոր փուլը մշակվել էˋ հիմք ընդունելով նախորդ ծրագրից ստացված արդյունքներն ու նվաճումները և նպատակ ունի խորացնել, ընդլայնել և տարածել ստացված արդյունքներն ու ձեռքբերումները:

Ծրագրի նպատակն էˋ նպաստել թիրախային համայնքներում եկամուտների ավելացմանն ու աղքատության կրճատմանը՝ անասնապահության ոլորտի կայուն զարգացման և շուկաների բարելավված հասանելիության շնորհիվ:

Ծրագրի բաղադրիչներն ենˋ

– Արոտավայրերի հասանելության բարելավման և կայուն կառավարման իրականացման բաղադրիչ, որի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել թիրախային համայնքների կին և տղամարդ ֆերմերների համախմբում և նրանց կարողությունների զարգացում` համայնքային արոտավայրերի կառավարման ռազմավարություններ մշակելու և կիրառելու, արոտների ենթակառուցվածքները բարելավելու, դաշտային կերարտադրությունը խթանելու, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների կերապահովման վիճակը բարելավելու նպատակով:

– Շուկայի (կաթի և մսի) հասանելիության բաղադրիչ, որի շրջանակներում նախատեսվում է խթանել կաթի և մսի շուկաների զարգացումը՝ կայուն շուկայական մեխանիզմների և արժեշղթայի մասնակիցների միջև (արտադրողներ, գնորդներ, վերամշակողներ) պայմանագրային հարաբերությունների ստեղծման և նրանց աջակցության, կաթի և մսի արտադրության/մատակարարման խթանման, հավաքման ենթակառուցվածքների բարելավման միջոցով:

– Ֆերմերներին և ֆերմերային տնտեսություններին աջակցող ծառայությունների հասանելիության բաղադրիչ, որի շրջանակներում կազմակերպվող ուսուցումների, ճանաչողական այցերի, ինչպես նաև հիմնվող անասնաբուժական կետերի, անասնաբուծության վարման ժամանակակից և արդյունավետ տեխնոլոգիաների ներկայացման, ներդրման, շարունակական խորհրդատվության տրամադրման միջոցով նախատեսվում է բարելավել ֆերմերների կարողությունները, բարձրացնել և ամրապնդել ֆերմայի արտադրողականությունը:

“Անասնապահության զարգացում Սյունիքի մարզում”

“Անասնապահության զարգացում Սյունիքի մարզում” ծրագիրը իրականացվել է “Ռազմավարական Զարգացման Գործակալություն” (ՌԶԳ) ՀԿ-ի և ֆինանսավորվել Շվեյցարական Համագործակցության և Զարգացման Գործակալության (ՇՀԶԳ) կողմից: Ծրագրի գործընկերներն են եղել ՀՀ Տարածքային Կառավարման նախարարությունը, Սյունիքի մարզպետարանը, համայնքապետեր, կաթի և մսի շուկայի դերակատարներ:

Ծրագրի հիմնական նպատակն էրˋ զարգացնել Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների անասնապահությունը և ավելացնել թիրախային 40 համայնքների ֆերմերների եկամուտները (մոտ 30,000 բնակչություն կամ 7,000 տնտեսություն): Այն իրականացվում էրˋ կիրառելով “Շուկաներ Աղքատների Համար” (M4P) մոտեցումը:

2012 թվականի դեկտեմբերին Ծրագրին ավելացվեց նորˋ “Տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի անասնաբուժական ծառայություններին” բաղադրիչը, որը իրականացվեց ՌԶԳ կողմիցˋ Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ համատեղ: Ծրագրի նշված բաղադրիչը նպատակ ուներ հզորացնելու Սյունիքի մարզի մասնավոր անասնաբուժական ծառայություններըˋ նպաստելով Հայաստանում սննդի անվտանգության համակարգի բարելավմանը և գյուղատնտեսության կայուն զարգացմանը: Այս բաղադրիչի շրջանակներում իրականացվեցին վակցինացման արշավի 4 փուլ, որոնց իրականացման համար Սյունիքի տարածաշրջանից ընտրվեցին 45 անասնաբույժ: Բաղադրիչների վերաբերյալ իրազեկման արշավ անցկացվեց Սյունիքի մարզում, այդ թվում նաև վակցինացիայի վերաբերյալ արշավˋ մարզի 109 համայնքներում:

Այս Ծրագրի արդյունքում 2011-2013 թվականների ընթացքում Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների մոտ 3,000 ընտանիքի (ընդհանուր առմամբ 7400 ֆերմերներ, որոնցից 3 320-ըˋ կին) կանխիկ եկամուտը ավելացել է շուրջ 48%-ով: 2013 թվականին թիրախային տարածաշրջաններում մոտ 3.3 մլն ԱՄՆ դոլար հավելյալ կանխիկ եկամուտ է գրանցվել մսի և կաթի բաղադրիչում: Այս ձեռքբերումը պետք է համեմատել նախկինում գրանցված տվյալների հետ, երբ ֆերմերները հիմնականում փոխանակում էին իրենց ապրանքը ու ներդրումներ չէին անում վաճառաշուկաների սակավության պատճառով:

37 ոչ-ֆերմերային աշխատատեղեր են ստեղծվել ֆերմաներին աջակցող ծառայությունների ոլորտում (անասնաբուժություն, արհեստական սերմնավորում, գյուղատնտեսական պարագաների վաճառք և ծառայություներ): Արդյունքում, 400 փոքր անասնապահական ֆերմաներ/անասնապահական առևտրով զբաղվող սկսնակ ձեռներեցներ (մոտ 1000 գյուղական բնակիչներ, որոնց 45%ˋ կին) ունեն կայուն կանխիկ եկամուտ:

Բարելավված հնարավորություններն ու անասնապահական ծառայությունների  առկայությունը (ինչպիսիք ենˋ անասնաբուժությունը, արհեստական սերմնավորումը, արոտավայրերը և այլն) լավ պայմաններ ստեղծեցին անասնապահության ոլորտում ներդրումների համար և կրճատեցին ռիսկերըˋ կապված կենդանիների առողջության և խնամքի հետ, հետևաբար ավելացրեցին ֆերմերների վստահությունը խոշոր եղջերավոր կենդանիներ պահելու հարցում: