Երբ խոսում ենք արդյունավետ անասնապահության մասին, նախրաքաշի ուղին պարզապես ֆիզիկական ճանապարհ չէ։ Այն կենդանիների տեղաշարժի անվտանգությունը, ֆերմերների աշխատանքի արդյունավետությունը, արոտավայրերի հասանելիությունն ու համայնքային ռեսուրսների երկարաժամկետ կառավարումն իրար կապող համակարգ է։
INLIMA ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս խոշորացված համայնքներում իրականացվել են աշխատանքային հանդիպումներ համայնքային կառավարման և գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ՝ ներկայումս ֆերմերների կողմից օգտագործվող նախրաքաշի ուղիների ուսումնասիրության և քարտեզագրման աշխատանքների ընթացքը ներկայացնելու և համայնքային տեսլականի հետ համադրելու նպատակով։
Հանդիպումների ընթացքում ներկայացվել են նախրաքաշի նախնական երթուղիները, քննարկվել են ենթակառուցվածքների հնարավոր տեղադիրքերը, ինչպես նաև համայնքների կողմից առաջարկվող առաջնահերթությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այն հարցին, թե որքանով են առաջարկվող երթուղիները համապատասխանում համայնքի իրական կարիքներին, առկա ենթակառուցվածքներին և ֆերմերների կողմից ձևավորված գործնական պահանջներին։
Այս գործընթացի կարևորագույն սկզբունքը պարզ է՝ քարտեզը պետք է արտացոլի ոչ միայն տարածքը, այլև այն օգտագործող մարդկանց իրական կարիքները։
Այդ նպատակով նախագծող մասնագետի կողմից իրականացված նախնական քարտեզագրման արդյունքները կներկայացվեն Գորիսի և Սիսիանի համայնքապետարաններին՝ համայնքային մասնագետների դիտարկումները, առաջարկներն ու անհրաժեշտ փոփոխությունները ներառելու համար։ Համայնքային հետադարձ կապի հիման վրա քարտեզագրման վերջնական փաստաթուղթը կլրամշակվի և կշրջանառվի համապատասխան համայնքներում։
Միաժամանակ, INLIMA-ի շրջանակում հանդիպումներ են անցկացվել նաև կաթի և մսի արժեշղթայի դերակատարների՝ կաթ վերամշակող կազմակերպությունների և սպանդանոցների ներկայացուցիչների հետ։ Այցերի ընթացքում ուսումնասիրվել են գործող ենթակառուցվածքները և քննարկվել հնարավոր համագործակցության ուղղությունները։
Այսպիսով, աշխատանքը կառուցվում է մեկ փոխկապակցված տրամաբանությամբ՝ գյուղատնտեսական ենթակառուցվածք → համայնքային պլանավորում → արժեշղթայի զարգացում → ֆերմերի համար ավելի արդյունավետ և կայուն անասնապահություն։
«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

