Պատվիրատու՝ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ/UNIDO), ֆինանսավորումը Եվրոպական միության կողմից՝ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ENPARD) շրջանակներում
Նախագծի շրջանակում իրականացվել է Հայաստանի բարձրարժեք պանրի շուկայի համակողմանի ուսումնասիրություն և մշակվել է վերլուծական զեկույց, որն ընդգրկում է տվյալ ոլորտի արտադրության և մարքեթինգի հիմնական ուղղությունները։ Զեկույցում ներկայացված է բարձրարժեք պանրի հիմնական տեսակների ու դրանց բնութագրերի, վաճառքի ծավալների և ուղիների, սեզոնային գնային տատանումների, շուկայի ծավալի գնահատականի, ինչպես նաև այլ հիմնարար շուկային ցուցանիշների վերլուծություն։
Ուսումնասիրվել են նաև բարձրարժեք պանիրներ արտադրող հայկական կաթնամթերքի գործարանները՝ լուսաբանելով արտադրության տեսակները, հզորությունները, կիրառվող տեխնոլոգիաները, սննդի անվտանգության ստանդարտները, սպասարկվող շուկաները, ներքին շուկայում զբաղեցրած մասնաբաժինները, միջին արտադրական ծախսերն ու զուտ շահութաբերության մակարդակները։ Վերհանվել են ոլորտի զարգացման հիմնական սահմանափակումները՝ կապված կաթի որակի, տեխնոլոգիական հնարավորությունների և այլ գործոնների հետ։
Բացի այդ, իրականացվել է Հայաստանից Վրաստան և Ռուսաստան պանրի արտահանման հիմնախնդիրների վերլուծություն՝ առանձնացնելով առկա խոչընդոտներն ու արտահանման հիմնական պահանջները, ինչպես նաև գնահատվել են նշված շուկաներում արտահանման հնարավորությունները։
Հետազոտության ընթացքում կատարվել է 401 սպառողի հետ անհատական հարցազրույց, ինչպես նաև 120 խորացված հարցազրույց շուկայի հիմնական դերակատարների՝ պանրի արտադրողների, HORECA ոլորտի և մանրածախ առևտրի ցանցերի ներկայացուցիչների հետ։

