SuccessStoriesARM

Սերն ուժ է տալիս

Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի կին ֆերմեր՝ Մարինե Զադայանը, ով ամեն անգամ իր ֆերմայի կենդանիների մասին խոսելիս համակվում է նախանձելի ոգևորությամբ ու անսահման սիրով, մեծացրել է 4 երեխա, 35 տարուց ավել զբաղվում է անասնապահությամբ, և արդեն 25 տարի աշխատում է, որպես մանկավարժ։

Միայն ինձ ճանաչողները կարող են ասել, թե ինչքան եմ սիրում իմ կենդանիներին և թե ինչքան կապված եմ նրանց հետ: Սերս անասնապահության ու կենդանիների հանդեպ գալիս է մանկուց։ Ծնողներս ապրում էին գյուղում և ունեին շատ գյուղատնտեսական կենդանիներ։ Չնայած նրան, որ ստացա կրթություն և սկսեցի զբաղվել մանկավարժությամբ, ոչ մի օր չեմ դադարել զբաղվել անասնապահությամբ։ Դեռ երիտասարդ աղջիկ էի կենդանիներին տանում էի սար, պանիր, կարագ ու մածուն պատրաստում։

Հաճույք եմ ստանում, երբ հյուրերիս մատուցում եմ կենդանիներիս կաթից ու իմ ձեռքով հավաքած սարի թարմ ուրցից պատրաստած պանիրը։ Կարծում եմ, եթե ուզում ենք մեր հայրենիքը ամուր լինի ու զարգանա պետք է գյուղատնտեսությամբ զբաղվենք։ Մի լավ ասացվածք կա, որ շատ եմ սիրում ցիտել,-«Եկավ սովը` պահեց կովը»։

Ճիշտ է անասնապահությամբ զբաղվելը դժվար գործ է, սակայն եթե սիրով եք զբաղվում Ձեր գործով, ապա բոլոր դժվարությունները հաղթահարելի են։

Համաձայն չեմ այն մտքի հետ, որ գյուղում աշխատանք չկա: Հայաստանում առաջ գնալ կարելի է միայն գյուղատնտեսությամբ: Գյուղատնտեսության ոլորտը մեծ է և շատ տարբեր աշխատանքներ կան, որոնցով կարելի է զբաղվել:

Եթե չես ցանկանում զբաղվել անասնապահությամբ, կարող ես զբաղվել ջերմոցագործությամբ կամ այլ աշխատանքով:

Որպես ֆերմեր ես պատվով ու հպարտությամբ եմ կրում ինձ բաժին հասած բոլոր դժվարությունները՝ երբեք չեմ դադարել աշխատել, արարել, որի շնորհիվ տնտեսությունս ընդլայնել եմ, կենդանիների քանակը ավելացնել և նրանց համար ավելի լավ պայմաններ ստեղծել:

Ներկա պահին ունեմ 12 մանր եղջերավոր և 30 խոշոր եղջերավոր կենդանի, կառուցել եմ նոր գոմ և վերանորոգել փոքրիկ տնակս սարերում, որտեղ արածելու եմ տանում կենդանիներիս։

Ֆերմայի գործերը տնօրինելուց զատ, զբաղվում եմ նաև դասավանդմամբ՝ պատմության ուսուցչուհի եմ և Ակներ բնակավայրի միջնակարգ դպրոցում դաստիրակության գծով փոխտնօրեն։

Սերս դեպի կրթություն և գիտություն փոխանցել եմ նաև երեխաներիս, որոնք բոլորն էլ գերազանցությամբ են ավարտել դպրոցը և ստացել բարձրագույն կրթություն։