SuccessStoriesARM

Արմինեի լավատեսությունը դարձավ իր հաջողության գրավականը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Խաչաղբյուր բնակավայրում է բնակվում և անասնապահությամբ զբաղվում 47-ամյա Արմինեն: Անգամ բազմաթիվ դժվարությունները չեն կարողացել ազդել Արմինեի լավատեսության և ավելիին ձգտելու կարողության վրա:

Արմինեն ծնունդով Երևանից է: Ամուսնանալուց հետո տեղափոխվել է Վարդենիս խոշորացված համայնքի Խաչաղբյուր բնակավայր: Սկզբում զբաղվել է առևտրով, հաջողություններ գրանցելով՝ սկսել է աշխատած գումարին կով գնել: Գնել է 2-3 գլուխ խոշոր: Ծնողների կողմից նվեր է ստացել 3-4 խոզ ու սկսել մեծացնել տնտեսությունը: Ծնված խոճկորներին վաճառել է, փոխարենը գնել ԽԵկ: Ինչպես Արմինեն է նշում.«Դժվարություններ միշտ էլ ունեցել եմ, սակայն միշտ լավատես եմ եղել: Վաճառել եմ առկա գլխաքանակից հորթերին, վարկերը մարել: Փառք Աստծո հիմա իմ սեփական քրտինքով վաստակած երկու բնակարան ու բազմաթիվ հողատարածքներ ունեմ»:

Հորթերին հիմնականում վաճառում է համագյուղացիներին, գումարով կամ մշակովի հողատարածք կամ կաթնատու կով գնում: Կաթը և վերամշակում է, և հանձնում Խաչաղբյուրում գործող Ռոզա 1 գյուղատնտեսական կոոպերատիվին: Հիմնական արտադրատեսակը պանիրն է: Կովերի գլխաքանակը ներկա պահին 10-ն է, 4-ը վերջերս անկել են: Ինչպես Արմինեն է նշում, գնորդի խնդիր առ այսօր գրեթե չի ունեցել, միշտ պահանջարկն ավելին է լինում, քան կարողանում է իր համեստ պայմաններում արտադրել:

2023 թվականին Արմինեն մասնակցել է ՌԵԲԿԱ ծրագրին, ստացել 1,6 հա-ի գարու և կորնգանի սերմ: Սեփական միջոցներով էլ գնել է 0.4 հա-ի սերմ ու ցանել իր 2 հա հողատարածքը: Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում 1հա-ից կստանա կորնգանի (400 հակ *20 կգ) 8 տոննա խոտի բերք, իսկ գարու 2 հա ցանքից եկող տարի՝ 3-4 տոննա բերք: