SuccessStoriesARM

«Գյուղատնտեսությունը կենսակերպ է»․ ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր Հայկ Ասլանյան

Պատերազմից հետո սեփական կյանքը վերականգնելը հեշտ գործ չէ: «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության և ուսուցման արդիականացում» (MAVETA) ծրագրի գործընկեր Հայկ Ասլանյանի համար հետպատերազմյան շրջանի մարտահրավերները միայն ամրապնդել են նրա հավատը գյուղատնտեսության և կրթության կարևորության վերաբերյալ:

Ընտանեկան ժառանգությունից մինչև նոր սկիզբ

Ֆերմեր Հայկ Ասլանյանը գյուղատնտեսությունը ոլորտ, զբաղմունք չի համարում, այլ այն դիտարկում է որպես իր ժառանգության մի մաս:

«Գյուղատնտեսությամբ զբաղվել եմ փոքր տարիքից։ Պապս ֆերմեր էր, և նրա ջանքերով հիմք դրվեցին Արցախում մեր ընտանիքի ֆերմայի ստեղծմանը։ Ցավոք, պատերազմից հետո նա հեռացավ գյուղատնտեսությունից։ Ինչպես շատերը, այնպես էլ մենք ստիպված եղանք տարհանվել և վերաբնակվել Գորիսում՝ իմ ծննդավայրում»,- նշում է մեր զրուցակիցը:

Չնայած դժվարություններին՝ Հայկ Ասլանյանը չհրաժարվեց սիրելի աշխատանքից ու կենսակերպից։ «Գորիսում խորհրդային ժամանակներից անասնագոմ ունեինք, որը անտեսված էր։ Պատերազմից հետո կենտրոնացել էի այն վերականգնելու վրա։ Հեշտ չէ, բայց քայլ առ քայլ ես վերականգնում եմ այն, ինչ կորցրել ենք»,- վստահությամբ շարունակում է նա։

Ֆորմալ կրթություն

Գյուղատնտեսության հանդեպ ունեցած սերը Հայկ Ասլանյանին բերեց Գորիսի պետական ​​գյուղատնտեսական քոլեջ, որտեղ նա այժմ համատեղում է գործնական փորձը ֆորմալ կրթության հետ:

«Երևանում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում սովորելն ինձ համար անիրագործելի էր այստեղ՝ Սյունիքում, ընտանեկան և աշխատանքային պարտավորությունների պատճառով։ Երբ քոլեջը ներդրեց դուալ կրթական ծրագրեր գյուղատնտեսության ոլորտում՝ մտածեցի, որ դա իմ հնարավորությունն է ամրապնդելու գործնական գիտելիքներս տեսական գիտելիքներով»,- ընդգծում է նա:

Դուալ ուսուցումը՝ լսարանային և աշխատանքի վայրում ուսուցման համադրումը, դարձել է Հայկ Ասլանյանի ուսումնական փորձի հիմնաքարը:

«Դուալով սովորող ուսանողները շահում են երկու ոլորտներից: Դասավանդողները տալիս են տեսական գիտելիքներ, մինչդեռ ինձ նման ֆերմերներն առաջարկում են գործնական դասընթացներ: Ինչքան լավ տեխնիկապես համալրված և կազմակերպված ֆերմա, այնքան գործնական փորձն ավելի իմաստալից է դառնում»,- բացատրում է նա:

ՄԱՎԵՏԱ-ի դերը

Հայկ Ասլանյանը վերջերս է միացել ՄԱՎԵՏԱ ծրագրին։ Ներգրավված լինելով և՛ որպես աշկերտ, և՛ որպես գործատու՝ փաստում է, որ այն հնարավորություններ է ստեղծում ոչ միայն ուսանողների, այլ նաև դասավանդողների և ֆերմերների համար: «Հուսադրող է տեսնել, թե ինչպես կարող են նման ծրագրերը կամրջել կրթությունը և գործնական աշխատանքը գյուղատնտեսության ոլորտում»,- ընդգծում է նա:

Հարցին, թե արդյոք գյուղատնտեսությունը գրավիչ է երիտասարդների համար, Հայկ Ասլանյանի պատասխանը պարզ է. սերը կարևոր է:

«Գյուղատնտեսությունը կենսակերպ է։ Եթե ​​դու չես սիրում այն, չես հասնի հաջողության: Բայց նրանց համար, ովքեր իսկապես մտածում են դրա մասին, հսկայական բավարարվածություն կա՝ աշխատելով և տեսնելով սեփական աշխատանքի պտուղները»:

Նա նաև ուղերձ ունի նրանց համար, ովքեր տատանվում են ոլորտ փոխել ու գյուղատնտեսությամբ զբաղվել: «Կրթությունը տարիքային սահմանափակում չունի. որքան երկար ենք ապրում, այնքան շատ ենք սովորում: Եթե ​​ինչ-որ մեկը հաջողություն չի գտել այլ ոլորտում, բայց սիրում է գյուղատնտեսությունը, նա պետք է ամբողջ սրտով ընդունի այն: Սիրով ու նվիրումով ամեն ինչ կստացվի»,- եզրափակում է մեր զրուցակիցը։