«Ամեն մի բուժած կենդանու աչքերի մեջ շնորհակալություն եմ տեսնում, որ փրկել եմ իր կյանքը։ Այդ հայացքները միշտ ինձ հետ են»,- անասնաբուժական կլինիկայում այցելուներին ճանապարհելուց հետո անթաքույց ոգևորությամբ զրույցը սկսեց Վահագն Սարգսյանը։
Վահագն Սարգսյանի անասնաբուժական կլինիկան ու դեղատունը գտնվում են Կապանում։ Մեր այցելելու պահին նա իր կլինիկայում շան պատվաստում էր արել և կենդանուն խնամելու վերաբերյալ հոգատարությամբ խորհուրդներ տալով՝ հրաժեշտ տվեց տիրոջն ու շանը։
«Մասնագիտության նկատմամբ սերս առաջացել է աշխատանքի ընթացքում։ Այն ընտրել եմ մայրիկիս խորհրդով»,- շարունակեց անասնաբույժը՝ ավելացնելով, որ միայն ուրախ է, որ հետևել է մոր խորհրդին։
Նույն ոգևորությամբ պատմեց իր առաջին վիրահատության մասին, որը կատարել էր լինելով դեռևս երրրորդ կուրսի ուսանող։
«Ամառային արձակուրդի ժամանակ գյուղում էի: Տեղեկացա, որ ոչխարներից մեկը, որը հղի էր, ճողվածք ունի և կսատկի, եթե չմորթենք։ Բարեբախտաբար, ճողվածքը հաջողությամբ հեռացրեցի և ոչխարը նորմալ ծնեց»,- Վահագն Սարգսյանը հիշում է, թե ինչպես են ամբողջ գյուղում մեծ խանդավառությամբ խոսել այդ դեպքի մասին։
Անասնաբույժը շատ է ցանկանում, որ որդիներից մեկը շարունակի իր գործը։ Ավելին՝ նա դպրոցահասակ տղաներին ներգրավում է աշխատանքում, փորձում սեր սերմանել աշխատանքի ու անասնաբույժի մասնագիտության նկատմամբ։
«Նրանց վարձատրում եմ իրենց «աշխատանքի» դիմաց, որ իրապես պատկերացնեն թե՛ ոլորտը, թե՛ աշխատանքը»,- մասնագիտության խթանման իր այս փորձի մասին ժպտալով պատմեց Սարգսյանը՝ մատնացույց անելով դասերից հետո կլինիկա շտապած տղաներին։
Ինչևէ, կլինիկայից դուրս աշխատանքն ավելի գրավիչ է 15 տարվա փորձ ունեցող անասնաբույժի համար։ Լինելով համայնքային անասնաբույժ՝ նա հաճախակի է այցեր անում գյուղեր ու ֆերմաներ։
«Գյուղացիների վերաբերմունքը, ջերմությունը, հարգանքը շատ ոգևորիչ են և միաժամանակ՝ պարտավորեցնող։ Երբ հեղինակություն ես ունենում՝ ավելի քիչ ես չարչարվում, բայց պատասխանատվությունն է մեծանում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Հենց այս պատասխանատվության զգացումն էր, որ Սարգսյանին մղեց կենդանաբուժական դեղատան հիմնմանը․ համայնքում գործող միակ դեղատան տեսականին հաճախակի չէր թարմացվում ու պահանջվող դեղերը չէին ճարվում։
«Անասնաբույժի զենքը դեղերն են։ Առանց դեղերի քո գործողությունները սահմանափակ են»,- համոզված է անասնաբույժը։ Միևնույն ժամանակ նա չի պատրաստվում բավարարվել ունեցած գիտելիքներով ու փորձով։
«Կենդանաբուժության բնագավառն էլ է արագ զարգանում և այս առումով վերապատրաստման կարիք եմ զգում՝ ծանոթանալու միջազգային առաջատար փորձին, մասնավորապես՝ ընտանի կենդանիների բուժման ոլորտում»,- Վահագն Սարգսյանը գիտակցում է ժամանակին համընթաց քայլելու կարևորությունը, բայց չի պատրաստվում լքել հայրենի բնօրրանը։ Խոստովանում է՝ ունեցել է նման միտք, բայց 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հաստատապես որոշել է ապրել ու երեխաներին մեծացնել Կապանում, որն այսօր արդեն սահմանային բնակավայր է։
«Անասնաբույժ լինել, նշանակում է ուժեղ կամք ունենալ, ինքնդ քեզ համար ճանապարհ հարթել։ Դա է մեր մասնագիտությունում հաջողության բանաձևը»,- խորը համոզմունքով զրույցը եզրափակեց Վահագն Սարգսյանը։