NEWSARM

«Սննդի անվտանգությունը հյուրընկալության ոլորտում» թեմայով դասընթաց՝ ԼԻԼԱ ծրագրի շահառուների համար

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում մարտի 25-ին Երևանում անցկացվեց «Սննդի անվտանգությունը հյուրընկալության ոլորտում» թեմայով դասընթաց՝ հյուրընկալության ոլորտում սննդի մատուցման ծառայություններ իրականացնող ծրագրի շահառու բիզնեսների ներկայացուցիչների համար։

Դասընթացը վարեց սննդի անվտանգության փորձագետ Սոնա Ծառուկյանը։ Նա ներկայացրեց հանրային սննդի մատուցման գործում սննդի անվտանգության հիմնական սկզբունքները, պարտադիր պահանջները, սննդի թափոնների նվազեցման արդյունավետ քայլերը, ինչպես նաև  սննդի անվտանգության կառավարման համակարգի ներդրման մեխանիզմները:

Մասնակիցները հարցեր բարձրացրեցին մարզային հյուրատներում, համտեսի սրահներում, բացօթյա պիկնիկների և արշավների ժամանակ մատուցվող  սննդի անվտանգության հիմնական սկզբունքների, դրանց վրա ազդող գործոնների ու ռիսկերի վերաբերյալ։

Դասընթացի երկրորդ մասում «Այ Էս Էս Դի» համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ -ի համահիմնադիր նախագահ Մխիթար Ավետիսյանը ԼԻԼԱ ծրագրի շահառու հյուրանոցների և հյուրատների բիզնեսների ներկայացուցիչների համար ներկայացրեց Green Key սերտիֆիկատի ներդրման պահանջները և ընթացակարգը։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: