«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ ծրագրի նոր գործընկեր մասնավոր հատվածի ներկայացուցիչների և ուսումնական հաստատությունների տնօրենների հանդիպում։
Հանդիպմանը ներկա էին նաև HEKS/EPER ՄԿՈՒ ավագ խորհրդատու Մոնիկ Ֆրեյը, Բեռնի կիրառական գիտությունների դպրոցի պրոֆեսոր Յոհաննես Բրունները։
Ողջույնի իր խոսքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը նշեց, որ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում կազմակերպությունը կշարունակի աջակցել դուալ կրթական մոտեցմամբ գյուղատնտեսական մասնագիտությունների ներդրմանն ու դրանց ուսուցման արդիականացմանը, գործատու-քոլեջ կապի ամրապնդմանը՝ միտված մրցունակ մասնագետների պատրաստմանը ու նրանց զբաղվածության ապահովմանը։
HEKS/EPER ՄԿՈՒ ավագ խորհրդատու Մոնիկ Ֆրեյը և Բեռնի կիրառական գիտությունների դպրոցի պրոֆեսոր Յոհաննես Բրունները իրենց ելույթներում ընդգծեցին պատրաստակամությունը շարունակելու ջանքերը ոլորտի միջազգային լավագույն՝ շվեյցարական փորձը Հայաստանում ներդնման, տեղայնացման և գյուղատնտեսության ոլորտում կրթության արդիականացման գործում։
ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը գոհունակությամբ նշեց, որ 2024-2025 ուսումնական տարում ծրագրով ներդրված մասնագիտություններով ընդունելությունը բավականին բարձր ցուցանիշներ է գրանցել և կարևորեց մասնավոր հատվածի նոր գործընկերների ակտիվ ներգրավվածությունը դուալ մոտեցմամբ կրթության իրականացման հարցում։
Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Արա Չոբանյանը, Բերդի բազմագործառութային պետական քոլեջի տնօրեն Աննա Ավալյանը, Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պարտականությունները կատարող Աննա Տոռոզյանը և ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի կրթական ծրագրի ղեկավար Մերի Յոլյանը իրենց ելույթներում ընդգծեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությունը քոլեջների կարողությունների զարգացման, դուալ կրթական մոտեցմամբ գյուղատնտեսական մասնագիտությունների ներդրման, գործատու-քոլեջ համագործակցության խթանման, ինչպես նաև դասավանդողների վերապատրաստման և քոլեջների տեխնիկական վերազինման հարցերում։
Հանդիպման ընթացքում փոխըմբռնման հուշագրեր ստորագրվեցին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱՎԵՏԱ ծրագրին միացած մասնավոր հատվածի նոր 28 գործընկերների միջև։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

