RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի միջև սեպտեմբերի 26-ին կնքվեց համագործակցության հուշագիր։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր խոսքում ընդգծեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ երկար տարիների համագործակցությունը և ֆեդերացիային ցուցաբերած աջակցության կարևորությունը։
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը հավաստիացրեց, որ կազմակերպությունը Հայաստանում զգոսաշրջության զարգացումը համարում է ռազմավարական ուղղություններից մեկը և կօժանդակի ոլորտի թվայնացմանն ուղղված ջանքերին։
Այնուհետև «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանն ու Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը քննարկեցին առաջիկա անելիքները և գործողությունների պլանը։
Ծրագրով նախատեսվում է զարգացնել Տուրիզմի հայկական ֆեդերացիայի կարողությունները՝ թիրախային խմբերին, մասնավորապես՝ կանանց, երիտասարդների ու խոցելի խմբերին, տրամադրելու ոչ ֆորմալ կրթություն զբոսաշրջության ոլորտում առկա թվային պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ։
Որպես ծրագրի վերջնարդյունք ակնկալվում է զբոսաշրջության ոլորտում ունենալ թվային նորարական գիտելիքներով օժտված աշխատուժ՝ ընդլայնելով նրանց աշխատունակությունն ու եկամտի ստացման հնարավորությունները։
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն” ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

