NEWSARM

Տեսական և գործնական դասընթաց՝ «Մրգի և ընկույզի այգիների մշակման նորարարական մոտեցումները» թեմայով

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 16-20-ը իրականացվեց հնգօրյա տեսական և գործնական դասընթաց՝ «Մրգի և ընկույզի այգիների մշակման նորարարական մոտեցումները» թեմայով։

Դասընթացին մասնակցեցին ՀԱԱՀ Երևանի քոլեջի և Սիսիանի մասնաճյուղի, Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի համապատասխան առարկաների դասախոսները և ոլորտի մասնավոր հատվածի գործընկեր կառույցների այգեգործները։

Հնգօրյա դասընթացը վարում էր գյուղատնտեսական ինժեներ՝ Խոսե Լուիս Յուստե Սանչեսը, ով ժամանել էր Իսպանիայի Վալենսիա քաղաքից։ Դասընթացավարը մասնակիցներին ներկայացրեց հողի պատրաստման և մշակման նորարարական մոտեցումները, ոռոգման մեխանիզմները, ինչպես նաև ոլորտի միջազգային փորձը։

Տեսական մասին  զուգահեռ դաշտային այցեր իրականացվեցին Արմավիրի մարզի Արտամեդ և Վանանդ համայնքներում հիմնված նշենու, ընկուզենու և պիստակի այգիներ, որտեղ փորձագետը մասնակիցներին գործնական դասընթացի միջոցով ներկայացրեց պտղատու այգիների պլանավորման և հիմնման ժամանակ կիրառվող միջազգային փորձը, ճիշտ խնամքը, էտման և ձևավորման կարևորությունը, պարարտացման ու վնասատուների, հիվանդությունների կառավարման նոր մոտեցումները։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: