«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում մարտի 19-ին Երևանում անցկացվեց «Հաճախորդների սպասարկում» թեմայով դասընթաց՝ ծրագրի շահառու հյուրանոցային և հյուրատնային բիզնեսների ներկայացուցիչների համար։
Դասընթացը վարեց «Անի Գրանդ» հյուրանոցի գլխավոր կառավարիչ Մկրտիչ Գրիգորյանը։ Նա մասնակիցներին ներկայացրեց հյուրանոցային (հյուրատնային) ծառայությունների նվազագույն պահանջները, ծառայությունների պատշաճ մատուցման ապահովման և կառավարման համակարգային մոտեցումները, ընդունարանի գործունեության կառավարման և վերահսկման մեխանիզմները, ինչպես նաև հյուրընկալության էթիկայի առանձնահատկությունները և պատշաճ սանիտարահիգենիկ պայմանների ապահովման կարևորությունը։
Մասնակիցները հետաքրքրվեցին և հարցեր բարձրացրեցին սննդի և խմիչքի բաժնի գործունեության վերահսկման, խնդրահարույց իրավիճակների կառավարման, իրենց ծառայությունների ու ապրանքների գրագետ վաճառքի ապահովման վերաբերյալ։
Օրվա երկրորդ կեսին դասընթացի մասնակիցները շրջայց կատարեցին հյուրանոցում, ծանոթացան հյուրանոցի բաժիններին, կառավարմանը, սանիտարահիգիենիկ մաքրող միջոցների օգտագործման և որակյալ սպասարկման նրբություններին։
ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

