NEWSARM

Գործնական գիտելիքներ` նոր հնարավորությունների համար. SEIRA դասընթացներ Սյունիքում՝ «Ոչխարաբուծության լավագույն փորձը» թեմայով

«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագրի շրջանակում հոկտեմբերի 30-ին Սյունիքի մարզում՝ «Դը Ռանչում», անցկացվեց կարճաժամկետ դասընթացներ «Ոչխարաբուծության լավագույն փորձը» թեմայով։

Դասընթացը կազմակերպվել էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, որոնք այժմ բնակվում են Գորիսի և Սիսիանի համայնքներում։ Նպատակն էր վերջիններին փոխանցել գործնական գիտելիքներ և հմտություններ՝ ոչխարաբուծության ոլորտում կայուն զբաղվածություն և եկամուտ ապահովելու համար։

Դասընթացավար Միքայել Հայկունին մասնակիցներին ներկայացնեց ոչխարաբուծության ուղղությունները և ստացվող հիմնական մթերքները, ՀՀ-ում ոլորտի առանձնահատկություններն ու հեռանկարները, կերակրման, մատղաշի աճեցման, վերարտադրողականության և հիվանդությունների կանխարգելման գործնական մոտեցումները։ Քննարկվեցին նաև կենսանվտանգության պահանջները՝ որպես հաջող ֆերմերային գործունեության հիմնաքար։ Ստացված գիտելիքները կդառնան գործնական հենք՝ հետագայում ծրագրի կողմից տրամադրվող աջակցությունից առավել արդյունավետ օգտվելու համար։

Այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն փոխանցում են նոր գիտելիքներ, այլև միավորում մարդկանց՝

📍 խթանելով սոցիալ-տնտեսական համախմբումը,

📍 աջակցելով փախստականների լիարժեք ինտեգրմանը տեղական տնտեսության մեջ,

📍 և գյուղատնտեսությունը վերածելով համայնքային վերածննդի շարժիչ ուժի։

SEIRA ծրագիրը հետևողականորեն փոխակերպում է մարտահրավերները զարգացման հնարավորությունների՝ նպաստելով դիմակայուն, ներառական և կայուն համայնքների ձևավորմանը։

SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։