NEWSARM

RECONOMY Ինչպե՞ս է զբոսաշրջային ներուժը վերածվում միջազգային շուկայում մրցունակ առաջարկի

Զբոսաշրջային ուղղության գրավչությունն ինքնին դեռևս չի երաշխավորում դրա նկատմամբ միջազգային պահանջարկի ձևավորումը։ Մշակութային առանձնահատուկ ժառանգությունը, բնապատկերային բազմազանությունն ու ինքնատիպ փորձառություններն այն ներուժն են, որի՝ միջազգային զբոսաշրջիկների համար մրցունակ առաջարկի վերածվելու համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք՝ տեղական զբոսաշրջային առաջարկները կապելով այն շուկաների, մասնագիտական ցանցերի և բիզնես գործընկերների հետ, որոնք կարող են ապահովել դրանց ավելի լայն ներկայացվածությունն ու հասանելիությունը։

Հենց այս նպատակին է միտված RECONOMY-ի «Մրցունակության ապահովման նպատակով ոլորտների թվայնացում» (Digitizing Sectors for Competitiveness) ծրագրի աջակցությամբ իրականացվող ճանաչողական այցերի (Familiarization – FAM tours) նախաձեռնություններից մեկը։

Մեր գործընկեր՝ Nueva Vista տուրօպերատորը, կազմակերպել է ճանաչողական այց՝ իսպանական զբոսաշրջային շուկայի ներկայացուցիչների համար՝ մեկ երթուղում համադրելով երկու հարևան զբոսաշրջային ուղղություն․ այցը Հայաստան տեղի է ունեցել 2026 թվականի սեպտեմբերի 25-30-ը, որին հաջորդել է այցը Վրաստան՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը։

Հայաստանը և Վրաստանը մեկ երթուղում ներառելը հնարավորություն է ընձեռել միջազգային զբոսաշրջության մասնագետներին ծանոթանալու տարածաշրջանի զբոսաշրջային ներուժի բազմազանությանը և դիտարկելու, թե ինչպես կարող են հարևան երկրների զբոսաշրջային առաջարկները փոխլրացնել միմյանց՝ միջազգային շուկաների համար ձևավորվող ճանապարհորդական փաթեթներում։

Ճանաչողական այցերի առավել լայն նշանակությունը դրանց արդյունքում ձևավորվող մասնագիտական կապերի և համագործակցության հնարավորությունների մեջ է։ Անմիջական փորձառությունն ու տեղում ծանոթությունը միջազգային զբոսաշրջության մասնագետներին հնարավորություն են տալիս ավելի հիմնավոր պատկերացում կազմելու զբոսաշրջային ուղղությունների առանձնահատկությունների մասին, գնահատելու առաջարկվող զբոսաշրջային արտադրանքներն ու ծառայությունները և բացահայտելու ապագա գործարար համագործակցության հեռանկարները։ Տեղական զբոսաշրջային ծառայություններ մատուցողների համար նման շփումները կարող են նպաստել տեղեկատվական բացերի կրճատմանը, միջազգային գործընկերների հետ կապերի ամրապնդմանը և մրցակցային շուկաներում իրենց առաջարկների առավել արդյունավետ դիրքավորմանը։

Զբոսաշրջային բիզնեսի մրցունակությունը պայմանավորված չէ միայն այցելության արժանի վայրերի և ինքնատիպ փորձառությունների առկայությամբ։ Այն մեծապես կախված է նաև նրանից, թե որքան արդյունավետ են զբոսաշրջային արտադրանքներն ու ծառայությունները մշակվում, ներկայացվում, համադրվում ամբողջական առաջարկների մեջ և կապվում միջազգային շուկաների պահանջարկի հետ։

Աջակցելով Nueva Vista տուրօպերատորի կողմից ճանաչողական այցի կազմակերպմանը՝ RECONOMY ծրագրի «Մրցունակության ապահովման նպատակով ոլորտների թվայնացում» նախագիծը նպաստում է զբոսաշրջային բիզնեսի և միջազգային շուկաների միջև կապերի ամրապնդմանը՝ ընդլայնելով տեղական զբոսաշրջային ծառայություններ մատուցողների՝ միջազգային գործընկերների հետ համագործակցելու հնարավորությունները։

Զբոսաշրջային ուղղությունը միջազգային քարտեզի վրա ներկայացնելը միայն առաջին քայլն է։ Իրական հնարավորությունները բացվում են այն ժամանակ, երբ տվյալ ուղղության ինքնատիպ առաջարկները կապվում են այն շուկաների, գործընկերային ցանցերի և ճանապարհորդների հետ, որոնք կարող են նպաստել զբոսաշրջության կայուն զարգացմանն ու ոլորտի տնտեսական ներուժի իրացմանը։

RECONOMY Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ–ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։