Ապրիլի 21-22-ին Երևանում մեկնարկեց դուալ ՄԿՈՒ համակարգի կարևոր փուլերից մեկը․ «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցում անցկացվեց երկօրյա մասնագիտական աշխատաժողով՝ նվիրված ուսումնական ծրագրերի մշակման և վերանայման աշխատանքներին։
Աշխատաժողովը կազմակերպվել էր որպես ուսումնական ծրագրերի մշակման աշխատանքային խմբերի գործունեության մեկնարկային փուլ, որի հիմնական նպատակն էր ապահովել միասնական մոտեցումների ձևավորում և մասնակիցների կարողությունների զարգացում՝ դուալ կրթության սկզբունքներին համահունչ ծրագրերի մշակման գործընթացում՝ մասնավորապես ջերմատնային տնտեսության, սառնարանային տնտեսության, ինչպես նաև կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման մասնագիտությունների ուղղություններով։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները՝
🔹 ծանոթացան դուալ ՄԿՈՒ իրականացման իրավական կարգավորումներին,
🔹 ուսումնասիրեցին դուալ կրթության համակարգի էությունը և միջազգային լավագույն փորձը,
🔹 ներկայացվեցին դուալ մոտեցմամբ ուսումնական ծրագրերի մշակման և վերանայման մեթոդաբանությունները,
🔹 ներգրավվեցին գործնական աշխատանքներում՝ ուղղված հետագա ծրագրային մշակման գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։
Աշխատաժողովը վարեց «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» GIZ ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանը, ով ներկայացրեց ինչպես տեսական հիմքերը, այնպես էլ կիրառական գործիքներ՝ ապահովելով աշխատաժողովի գործնական ուղղվածությունը։
Աշխատաժողովը հանդիսացավ կարևոր մեկնարկային հարթակ՝ ոլորտի մասնագետների միջև համագործակցության ամրապնդման և ուսումնական ծրագրերի համատեղ մշակման գործընթացի արդյունավետ կազմակերպման համար։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և Հայաստանի կառավարության կողմից։
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են GIZ-ը, Ռազմավարական զարգացման գործակալությունը և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցը:

