NEWSARM

LILA ծրագիրը ձևավորում է պատասխանատու արկածային զբոսաշրջության առաջնորդներ

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում ավարտվեց «Լեռնային, սպորտային և արկածային զբոսաշրջության զարգացման նպատակով կարողությունների հզորացման» խորացված դասընթացը։ Դասընթացի արդյունքում մասնակիցները ոչ միայն հարստացրին իրենց գիտելիքները, այլև իրական պայմաններում փորձարկեցին ձեռք բերած հմտությունները։

Լոռու լեռնային միջավայրում անցկացված դաշտային փուլը դարձավ դասընթացի ամենաակտիվ և հիշվող մասը՝ ընդգծելով թիմային աշխատանքի, պատասխանատվության և անվտանգության կարևորությունը արկածային զբոսաշրջության կազմակերպման մեջ։

Դասընթացն իրականացվել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի կողմից՝ ոլորտի փորձառու մասնագետների՝ Սուրեն Դանիելյանի, Անտուան Անանյանի, Էդգար Նավասրդյանի, Նարինե Ճաղարյանի և Գեղամ Ալոյանի դասընթացավարությամբ։

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին սերտիֆիկատներ՝ նշանավորելով նրանց կողմից ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները։

 ԼԻԼԱ ծրագիրը նախաձեռնել էր այս դասընթացը ոչ միայն որպես մասնագիտական հմտությունների փոխանցման հարթակ, այլև ոգեշնչող ճանապարհորդություն դեպի ինքնազարգացում, թիմային համագործակցություն և առաջնորդություն։ Ձեռք բերված գիտելիքներն ու գործնական փորձը կծառայեն որպես ամուր հիմք՝ լեռնային, սպորտային և արկածային զբոսաշրջության կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համար՝ վերածելով գաղափարները իրական փորձառությունների և նոր հնարավորությունների։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան) «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ–ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից։