HomePageARM, NEWSARM

Հայաստանում նշվեց Անասնաբույժի միջազգային օրը

Սույն թվականի ապրիլի 23-ին, Հայաստանի բնության պետական թանգարանում ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ և «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» ֆինանսավորմամբ, անցկացվել է միջոցառում նվիրված Անասնաբույժի միջազգային օրվան:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար՝ Գ. Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ՝ Տ. Գաբրիելյանը,   «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության նախագահ՝ Մ. Այվազյանը, ոլորտի առաջատար մասնագետներ, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունեցին և մասնագիտական տոնը շնորհավորեցին ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար՝ Գ. Ավետիսյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ՝ Տ. Գաբրիելյանը: Խոսնակները կարևորեցին անասնաբույժի մասնագիտության դերը և նշանակությունը գյուղատնտեսության մեջ:

Միջոցառման ընթացքում շնորհակալագրեր հանձնվեցին մի քանի անվանակարգերում՝ «Լավագույն տեսուչ», «Լավագույն երիտասարդ անասնաբույժ», «Լավագույն անասնաբույժ ուսանող», «Լավագույն կին անասնաբույժ», «Լավագույն անասնաբույժ գիտնական», «Լավագույն համայնքային անասնաբույժ»: Շորհակալագիր հանձնվեց նաև «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությանը՝ Հայաստանի անասնաբուժության ու անասնաբուծության ոլորտին նշանակալի աջակցության համար, ինչպես նաև՝ որպես ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լավագույն գործընկեր: