NEWSARM

Դասընթաց՝ գենդերային հավասարության և սոցիալական ներառականության թեմայով

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում հունվարի 30-ին Լոռու մարզում տեղի ունեցավ «Գենդերային և սոցիալական զգայուն մոտեցումների ինտեգրումը գյուղատնտեսական մասնագիտություններում» թեմայով դասընթաց, որը վարեց ՌԶԳ գենդերային հավասարության մասնագետ Մարիամ Մելիքյանը։

Դասընթացին մասնակցեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր Ստեփանավանի պետական գյուղատնտեսական և Բերդի պետական բազմագործառութային քոլեջների դասավանդողները և մասնավոր հատվածի ներկայացուցիչները՝ Լոռու և Տավուշի մարզերից։

Մասնագետը ներկայացրեց Հայաստանում առկա գենդերային հավասարության իրավիճակը, միջազգային փորձն ու միտումները։ Ինտերակտիվ քննարկումների և խմբային աշխատանքների ժամանակ մասնակիցներն անդրադարձան միջին մասնագիտական կրթական հաստատություններում, մասնավորապես՝ գյուղատնտեսական մասնագիտություններով սովորող ուսանողների գենդերային և սոցիալական ինտեգրման խնդիրներին ու հիմնահարցերին։

Գենդերային հավասարության մասնագետը կիսվեց գործնական մի շարք խորհուրդներով՝ խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ արդյունավետ աշխատանքներ տանելու համար։

Քննարկումը հնարավորություն ընձեռեց ընդգծել գյուղատնտեսության ոլորտում կանանց ներգրավվածության, սոցիալական ներառականության և հանրային ընկալումներում նրանց դերի բարձրացման անհրաժեշտությունը։

Դասընթացին ներկա էին ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը և ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: