NEWSARM

Վահե Հովհաննիսյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ

«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագրի շրջանակներում ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 11-ին հանդիպումներ ունեցավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, մարզպետի տեղակալ Վահան Զարոյանի և Գավառի համայնքապետի առաջին տեղակալ   Գրիգոր Դաշտոյանի հետ:

Հանդիպումներին Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի նպատակն ու հիմնական ուղղվածությունը, որով նախատեսվում է բարելավել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի խոցելի բնակչության կարողությունները՝ զուտ մարդասիրական մոտեցումից դեպի երկարաժամկետ զարգացմանն անցում կատարելու համար:

Հաշվի առնելով, որ Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս և Ճամբարակ խոշորացված համայնքներն ընդգրկված են ծրագրում՝ անդրադարձ կատարվեց մեկնարկային և ելակետային տվյալների հավաքագրման և ստուգման անհրաժեշտությանը՝ թիրախային խմբերի կարիքների արդյունավետ բավարարման տեսանկյունից։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի պատրաստակամությունը հայտնեց աջակցելու ծրագրի իրագործմանը և ընդգծեց պարենային ու գյուղատնտեսական անվտանգության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների հրատապությունը՝ մարզի բնակչության կենսապահովումը բարելավելու նպատակով: Մարզպետը մեծապես կարևորեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի երկարամյա գործունեությունը և դրական ազդեցությունը մարզում։

Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց ծրագրի շրջանակում համագործակցության և հետագա քայլերի վերաբերյալ։

«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագիրը խթանում է սոցիալ-տնտեսական ինտեգրումը՝ բարելավելով առողջ սննդի հասանելիությունը և ստեղծելով կայուն կենսապայմաններ գյուղատնտեսության զարգացման միջոցով՝ հզորացնելու փախստականներին և Հայաստանի ընդունող համայնքներին։

SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։