NEWSARM

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ծրագրերը ներկայացվեցին Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն մայիսի 23-ին մասնակցեց 2024 թվականի Եվրոպայի օրվան նվիրված «Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Իմփաքթ Հաբ Սյունիք»-ում կազմակերպված տոնավաճառին։

Միջոցառումը մեկնարկեց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ելույթներով՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության առաջընթացի և դեռ մարզում առկա սոցիալ-տնտեսական զարգացման կարիքների մասին։

Տոնավաճառի ընթացքում ներկայացվել են 125 մլն եվրո ընդհանուր բյուջեով 37 ծրագիր, որոնք ներկայումս իրականացվում են «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության հովանու ներքո։ Տոնավաճառին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող 4 ծրագիր։

Միջոցառումը, որին ներկայացված էին Սյունիքում իրականացվող ծրագրերն ու արտադրվող ապրանքները բաց էր հանրության համար։ Օրն ավարտվեց համերգային ծրագրով։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի և Շվեդիայի համատեղ նախաձեռնությունն է, որին միացել է նաև Շվեյցարիան՝ որպես արտաքին գործընկեր։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը՝ տեղական զարգացման առաջնահերթություններին համապատասխան։