«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ն մայիսի 17-ին «Մասնագիտությունների խթանման օր» կազմակերպեց Բերդ համայնքի դպրոցականների համար։
Շուրջ երկու հարյուր աշակերտների համար իր դռները բացեց Բերդի բազմագործառութային պետական քոլեջը։ Ներկաներին ողջունեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, քոլեջի տնօրեն Աննա Ավալյանը, միջոցառման այլ մասնակիցներ։
Իր խոսքում Լիլիթ Հովհաննիսյանը նշեց, որ Բերդի բազմագործառութային պետական քոլեջի հետ համագործակցությունն օրինակելի է և հաջողված։ Ծրագրի գործընկեր ուսումնական հաստատությունում՝ քոլեջում, դուալ կրթական մոտեցմամբ արդեն հասանելի են երեք մասնագիտություն․ գյուղատնտեսական մեքենայացումը, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան և անասնաբուժությունը։
Քոլեջի տնօրեն Աննա Ավալյանն իր ելույթում ընդգծեց, որ ուսումնական հաստատությունում բարձրորակ մասնագետների պատրաստման և ուսանողների կյանքը բարելավելուն ուղղված ջանքերը հետայսու ևս կշարունակվեն, ինչը դիմորդների համար բացառիկ հնարավորություն է հենց մարզում որակյալ կրթություն ստանալու համար։
Աշակերտները շրջայց կատարեցին քոլեջում, ծանոթացան ուսուցանվող մասնագիտություններին, մասնակցեցին ուսանողների պրակտիկ դասերին, ինտերակտիվ շփումներ ունեցան ուսանողների ու դասավանդողների հետ, դիտեցին անիմացիոն ֆիլմ՝ դուալ կրթական մոտեցմամբ ուսուցանվող գյուղատնտեսական մասնագիտությունների մասին։
Միջոցառման ավարտին քոլեջի կարիերայի պատասխանատուն և ուսանողները դպրոցականների համար պատրաստել էին անակնկալ՝ խաղի ու նվերներների տեսքով։

