Ս.թ. հունիսի 10-11-ին տեղի ունեցավ «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ամփոփիչ համաժողովը։
Ծրագիրն իրականացվում է Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի (HAFL) հետ համատեղ՝ Շվեյցարիայի եկեղեցու օգնության (HEKS/EPER) կազմակերպության աջակցությամբ:
Համաժողովին անցանց ձևաչափով իրենց մասնակցությունն ունեցան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ), Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ծրագրում ընդգրկված և ՀՀ այլ գյուղատնտեսական ՄԿՈՒ հաստատությունների, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՀՀ Լոռու և Սյունիքի մարզերի գործատուների ներկայացուցիչներ: Համաժողովին առցանց հարթակով միացան նաև գործընկերներ HEKS/EPER ու HAFL կազմակերպություններից, Շվեյցարիայի զարգացման գործակալությունից (SDC) և համագործակից այլ միջազգային կառույցներից:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ՝ Ժաննա Անդրեասյանը, HEKS/EPER կազմակերպության գլխամասային գրասենյակի Եվրոպայի / Ասիայի բաժնի վարիչ՝ Մարկ Զոսը, SDC համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ՝ Վերներ Թութը, ՌԶԳ ՀԿ նախագահ՝ Մկրտիչ Այվազյանը և ՄԿՈՒԶԱԿ տնօրեն՝ Տաթևիկ Գասպարյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ՝ Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց միջազգային և տեղական գործընկերներին՝ շեշտելով, որ ՀՀ տնտեսության համար գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացումն ունի ռազմավարական կարևորություն:
«Ձեռք բերված արդյունքներն ու գրանցված հաջողությունները ցույց են տալիս, որ ստեղծվել է կայուն գործընկերություն, որը մեզ հնարավորություն է տվել «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում մշակված կրթական չափորոշիչներն ու մոդուլները ներդնել նաև այլ ՄԿՈՒ հաստատություններում։ Ծրագրի շրջանակում ստեղծված ուսումնական ձեռնարկներն իրենց բնույթով եզակի են և համապատասխան մասնագիտությունների գծով ծրագրեր իրականացնող ՄԿՈՒ հաստատությունների սովորողների և դասավանդողների համար ունեն կարևոր նշանակություն։ Սա տարբեր ծրագրերի համատեղմամբ սիներգետիկ էֆեկտ ստանալու լավագույն օրինակներից մեկն է։» – նշեց նախարարի տեղակալը՝ ավելացնելով, որ «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը նաև նպաստել է ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ) մոդելի ներդրմանը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ այժմ քննարկվում է ԱՀՈՒ մոդելի ներդրման օրենսդրական փաթեթը։
Մկրտիչ Այվազյանը, ներկայացնելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության վերջին 4-5 տարիների գործունեությունը՝ ընդգծեց տարածքային համաչափ զարգացման կարևորությունը։
«Մեծ ուշադրություն է հատկացվել հեռավոր մարզերի զարգացման ծրագրերին, և այդ նպատակով աշխատանքներ են տարվել տարածքային կառավարման և կրթության ոլորտի կառավարման մարմինների հետ», – նշեց նա և հավելեց, որ այդ համատեքստում է իրականացվել նաև «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը։
Համաժողովի ընթացքում ծրագրում ընդգրկված գործընկերներ կազմակերպությունները ներկայացրին ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների ընթացքն, արդյունքները, ձեռքբերումները և ստացված փորձը՝ հաջորդող հարց ու պատասխաններով, պանելային քննարկումներով և խմբային աշխատանքներով: Համաժողովի առցանց մասնակիցները իրենց հերթին ներկայացրին Շվեյցարիայի դուալ ՄԿՈՒ և գյուղատնտեսության խորհրդատվական համակարգերը՝ որպես Հայաստանում նմանատիպ համակարգերի ստեղծման համար լավագույն փորձի օրինակ: Համաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ ՄԿՈՒ համակարգում առկա խնդիրներին ու մարտահրավերներին, ուժեղ և թույլ կողմերին և ՀՀ-ում դուալ ՄԿՈՒ համակարգ ներդնելու հեռանկարներին:
Սույն ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությամբ: