NEWSARM

Մասնագիտական խթանման օր Էջմիածնում

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ն մայիսի 3-ին «Մասնագիտությունների խթանման օր» կազմակերպեց Էջմիածին քաղաքում։

Արմավիրի մարզի դպրոցների մի քանի տասնյակ աշակերտներին  Էջմիածնի պետական արհեստագործական ուսումնարանում ողջունեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, ուսումնարանի տնօրեն Մանուկ Նազարյանը և միջոցառման այլ ներկայացուցիչներ։

Իր խոսքում Լիլիթ Հովհաննիսյանը ընդգծեց, որ հաշվի առնելով մարզում ընկուզեղենի և մրգատու այգիներում աշխատող մասնագետների պահանջարկը՝  ուսումնարանում 2024-2025 ուստարվանից կներդրվի «Այգեգործություն» մասնագիտությունը, որը կուսուցանվի դուալ կրթական մոտեցմամբ։

Այնուհետև աշակերտները շրջեցին ուսումնարանի բակում ներկայացված տաղավարներով, ծանոթացան ուսուցանվող մասնագիտություններին, ինտերակտիվ շփումներ ունեցան ուսանողների, դասավանդողների և մասնավոր ընկերությունների  ներկայացուցիչների հետ։

Այգեգործության ոլորտում իրենց փորձն ու հաջողության պատմությունները, ինչպես նաև գյուղոլորտում ինքնադրսևորվելու ու բարձր եկամուտ ունենալու մասին դպրոցականների հետ զրուցեցին «Վոլնաթ ֆարմս» այգու կառավարիչ Սերոբ Մնացականյանը և գյուղատնտես  Կարեն Մինասյանը։

Օրվա երկրորդ կեսին մի խումբ աշակերտներ այցելեցին Վանանդ գյուղի տարածքում գտնող «Վանանդ ագրո» ընկերության նշի այգի։ Այգու կառավարիչ Հայկ Ստեփանյանը շրջայցի ընթացքում դպրոցականներին ներկայացրեց նշի մշակման առանձնահատկությունները, օգտագործվող գյուղատնտեսական տեխնիկան, նշեց գրագետ այգեգործ մասնագետների կարևորությունը և քաջալերեց աշակերտներին զբաղվելու գյուղատնտեսությամբ։