NEWSARM

Հաստատվեց տուրիզմի հայկական ֆեդերացիայի 2024-2029 թթ․ ռազմավարությունը

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանը հոկտեմբերի 18-19-ը Ջերմուկում մասնակցեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հերթական ընդհանուր ժողովին։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Ֆեդերացիայի 2024-2029 թվականի ռազմավարությունը՝ ներառյալ տեսլականը, առաքելության, նպատակների ու դրանց իրականացման համար հասցեագրված խնդիրները։

Ռազմավարության քննարկմանը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ Վայոց Ձորի մարզպետը, Ջերմուկ համայնքի ղեկավարն ու Ջերմուկի գործարար համայնքը, ԱՄՆ ՄԶԳ-ն (USAID), Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչները։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամները և գործընկերները հավանության արժանացրեցին ռազմավարությունը։

Մեխակ Ապրեսյանը վստահեցրեց, որ ֆեդերացիան կշարունակի իր առաքելությունը՝ համագործակցության հարթակ լինելով շահագրգիռ կողմերի համար՝ ի նպաստ Հայաստանում կայուն, պատասխանատու և համընդհանուր հասանելի զբոսաշրջության զարգացման, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության, զարգացման և հանրահռչակման։

Մեխակ Ապրեսյանը շնորհակալություն հայտնեց նաև միջազգային զարգացման գործընկերներին ռազմավարության մշակմանը աջակցելու համար, ինչպես նաև ՌԶԳ-ի կողմից իրականացվող RECONOMY ծրագրին ռազմավարությամբ նախատեսված ինստիտուցիոնալ զարգացման և ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավման ուղղությամբ արդյունավետ համագործակցության համար։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։