NEWSARM

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի ղեկավար կոմիտեի նիստ

Դեկտեմբերի 8-ին Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի (SDC) կողմից կազմակերպվեց ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը՝ նպատակ ունենալով քննարկել ծրագրի իրականացված գործողություններն ու արդյունքները։

Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ և «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը ֆինանսավորող և իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան և հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի զարգացման համագործակցության համար պատասխանատու` պարոն Վերներ Թութն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխնախարար Արաքսյա Սվաջյանը։

Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ` Վերներ Թութն իր ողջույնի խոսքում նշեց, որ մասնագիտական կրթության, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտի արդյունավետ բարեփոխումների համար առանցքային է պետական կառույցների և մասնավոր հատվածի միջև սերտ համագործակցությունը։

Պարոն Թութը նաև անդրադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար աջակցության ծրագրերի անհրաժեշտությանը:

«Հոկտեմբերին նախաձեռնել են հետազոտություն՝ հասկանալու, թե ինչպես կարող են աջակցել տեղահանված բնակչությանը: Մենք ցանկանում ենք աջակցել պետությանը՝ այդ մարդկանց համար Հայաստանում արժանապատիվ ապագա ստեղծելու գործում»,- նշեց պարոն Վերներ Թութը:

Պարոն Թութին հաջորդեց տիկին Սվաջյանը, ով նշեց, որ գյուղատնտեսության ոլորտը մասնագիտական կրթության առումով նախարարության գերակա ուղղություններից է, հետևաբար ծրագրի արդյունքները կարևոր են ոչ միայն ծրագրի, այլև տվյալ ոլորտի առաջխաղացման տեսանկյունից:

Ղեկավար կոմիտեի նիստին քննարկվեցին ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած մարտահրավերները և դրանց լուծելու ուղիները։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին 2024 թվականի համար նախատեսված ծրագրային միջամտությունները։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Հայաստանի կառավարության, Շվեյցարիայի եկեղեցու օգնության (HEKS/EPER) և Իզմիրլյան հիմնադրամի/Վանանդ Ագրո ՓԲԸ-ի կողմից:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: