«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ «Մեգերյան կարպետ» ընկերության ցուցասրահում կազմակերպեց համաժողով՝ նվիրված ազգային խոհանոցի զարգացման ռազմավարությանը։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային փոխտնօրեն Ուրսուլա Լաուբլին, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը, բարձրաստիճան հյուրեր:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը ներկայացրեց ռազմավարության հիմնական ուղղությունները՝ մշակված Տուրիզմի հայկական ֆեդերացիայի աջակցությամբ, ինչին հաջորդեցին թեմատիկ պանելային քննարկումները և Սեդրակ Մամուլյանի հեղինակած «Սյունիքի խոհանոց», «Վայոց ձորի խոհանոց», «Տավուշի խոհանոց», «Լոռվա խոհանոց» գրքերի շնորհանդեսը։
Միջոցառմանը ԼԻԼԱ ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը ներկայացրեց ծրագրի շրջանակում հրատարակված գրքերի կարևորությունը մարզային խոհանոցները վերակենդանացնելու, մարզերում գաստոզբոսաշրջությունը խթանելու տեսանկյունից՝ ընդգծելով մարզերի հարուստ բնության, ազգային խոհանոցի ու զբոսաշրջության կապը։
Այնուհետև հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու մարզային խոհանոցների բաղադրատոմսերից պատրաստված կերակրատեսակներ և աղանդներ։ Գինու հյուրասիրությունն ապահովեց ԼԻԼԱ ծրագրի շահառու-գործընկեր «Կրիա» գինիների գործարանը։
Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի գրքերի տպագրությունը կատարվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ–ի կողմից՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի, իսկ Սյունիքի գիրքը՝ RECONOMY-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում։
ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ–ի հետ համատեղ:

