NEWSARM

Տեխնիկական աջակցություն՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջին

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում գործընկեր ուսումնական հաստատությունների կարողությունների զարգացման և դուալ կրթական ուսուցման կազմակերպման նպատակով «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն ապրիլի 8-ին միկրոավտոբուս տրամադրեց Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջին։

Հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցեցին Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը, գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պարտականությունները կատարող Աննա Տոռոզյանը, ՄԱՎԵՏԱ ծրագրի մասնավոր հատվածի գործընկերներ, դասավանդողներ և ուսանողներ։

Ողջունելով ներկաներին՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը ընդգծեց  դուալ ուսուցման պատշաճ կազմակերպման, քոլեջ-գործատու համագործակցության ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև Սյունիքի մարզը ՌԶԳ ՀԿ-ի ծրագրերի առանցքում պահելու երկու տասնամյակից ավելի հաջողված փորձը։

Իրինա Յոլյանն իր խոսքում բարձր գնահատեց ՌԶԳ ՀԿ-ի ծրագրերը համայնքի, Սյունիքի մարզի զարգացման գործում՝ նշելով գյուղատնտեսության և ՄԿՈՒ արդիականացմանն ուղղված ջանքերը։

Աննա Տոռոզյանն իր ելույթում կարևորեց ՄԱՎԵՏԱ ծրագրի դերը քոլեջի կարողությունների զարգացման գործում, ՌԶԳ ՀԿ-ի շարունակական աջակցությունը և քոլեջի անունից կազմակերպությանը հանձնեց շնորհակալագիր։

Ծրագրի շրջանակում քոլեջի անասնաբուժական լաբորատորիան համալրվեց ժամանակակից սարքավորումներով՝ ուսանողների գործնական դասերը կազմակերպելու նպատակով։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: