Տուրիզմի հայկական ֆեդերացիան հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 28-ը անց է կացնում Ամադեուս ավիատոմսերի ամրագրման համակարգի ուսուցման կարճաժամկետ դասընթաց, որին մեթոդական և տեխնիկական աջակցություն է տրամադրվել RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի կողմից։
Դասընթացի առաջին խմբին ողջունեցին «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Մասնակիցները սովորում են, թե ինչպես մուտք գործել գլոբալ համակարգված տվյալների բազա՝ համալրված ավիաընկերությունների, օդանավակայանների, երկրների և նրանց սովորույթների, աշխարհագրական և կլիմայական առանձնահատկությունների, արձակուրդների, մուտքի կանոնների, պատվաստումների, ապահովագրության, վիզայի, մաքսային և միգրացիոն ձևականությունների մասին ստուգված և կանոնավոր թարմացվող տեղեկություններով:
Ամադեուս ավիատոմսերի ամրագրման համակարգում աշխատելու գիտելիք և կարողություն ունեցող մասնագետները հնարավորություն կունենան հետագայում աշխատանք գտնել զբոսաշրջության ոլորտում համապատասխան գործունեություն իրականացնող կազմակերպություններում։

