«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում փետրվարի 20-21-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն կազմակերպեց փորձի փոխանակման այց Լոռի՝ ծրագրի Սյունիքի և Լոռու մարզերի մասնավոր հատվածի ու ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչների միջև։
Առաջին օրը ՄԱՎԵՏԱ ծրագրի բիզնես խորհրդատու Նարինե Աբրահամյանը և ՌԶԳ կենդանիների առողջության և բուծման մասնագետ Միքայել Հայկունին համակարգեցին Սյունիքի ու Լոռու մարզերում կենդանիների պահվածքի առանձնահատկությունների, ֆերմայի եկամտաբերության բարձրացման ուղղությամբ իրականացված քայլերի ու դրանց արդյունավետության վերաբերյալ քննարկումը։
Այնուհետև մասնակցիներին ներկայացվեց ֆերմերային տնտեսությունների թվայնացման HOVIV հավելվածը։ Համահիմնադիրներ Վան Ավետիսյանը և Նաիրա Մուսայելյանը ֆերմերներին ու դասավանդողներին ցուցադրեցին հավելվածի հնարավորություններն ու առավելությունները՝ ֆերմերային տնտեսությունների առօրյա աշխատանքը թվային տեխնոլոգիաների միջոցով կառավարելու, ինչպես նաև կենդանիների տեղաշարժը GPS համակարգով հսկելու նպատակով։
Երկրորդ օրն իրականացվեցին փորձի փոխանակման այցեր Տաշիրում գտնվող Վահան Գրիգորյանի և Գետավանում գտնվող Մերուժան Ղարիբյանի՝ առաջատար ֆերմերային տնտեսություններ։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: