NEWSARM

Աշխատաժողով`  սպանդանոցներում առկա խնդիրների և առաջարկվող լուծումների վերաբերյալ

«Անասնապահության զարգացում Հայաստանում․ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակում նոյեմբերի 1-2-ը Ծաղկաձորում անցկացվեց աշխատաժողով՝ սպանդանոցներում առկա խնդիրների ու առաջարկվող լուծումների, HACCP համակարգի ներդրման հնարավորությունների և գյուղատնտեսության ոլորտում գենդերային դերերի բաշխվածության թեմաներով։

Աշխատաժողովին մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը, ԷՆ և ՍԱՏՄ պատասխանատուներ, «Անասնապահության զարգացում Հայաստանում․ հարավ-հյուսիս 2» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը , և «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, երկու ծրագրերի գործընկերները։

Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ  քննարկում ծավալվեց սպանդանոցային ոլորտում առկա խնդիրների  և առաջարկվող լուծումների վերաբերյալ։

Այնուհետև ՀՀ-ում բուծվող մաքրացեղ ԽԵԿ-երի պահվածքի, խնամքի և բտման առանձնահատկությունների վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ ՀԱԱՀ Մորֆոլոգիայի և կենդանագիտության ամբիոնի դոցենտ Տ. Չիտչյանը։«Կին և տղամարդ աշխատակիցների ու գործընկեր ֆերմերների հզորացում՝ ի նպաստ արտադրողականության բարձրացման» թեմայով զեկույց ունեցավ գենդերային հարցերով խորհրդատու Աննա Պողոսյանը, որին հաջորդեցին քննարկումները գյուղատնտեսության ոլորտում գենդերային դերերի բաշխվածության շուրջ։

Երկօրյա աշխատաժողովի վերջին թեեման նվիրված էր ՀՀ կաթի և մսի արժեշղթաներում ներգրավված ընկերությունների համար  HACCP համակարգի ներդրման հնարավորություններին, որը ներկայացրեց կառավարման համակարգերի խորհրդատու Արթուր Բաղդասարյանը։

«Անասնապահության զարգացում Հայաստանում. հարավ-հյուսիս 2» ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավորի` Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: