NEWSARM

Այց Սյունիքի մարզի դպրոցներ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում հունվարի 15-ին կազմակերպվեց մասնագիտական կողմնորոշման այց՝ Սիսիանի թիվ 4 և թիվ 5 հիմնական դպրոցներ։

Այցն անցկացվեց ծրագրի գործընկեր՝ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի հետ համատեղ։ Հանդիպմանը ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը և ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեցին ՄԱՎԵՏԱ ծրագիրն ու դուալ ուսուցմամբ ներդրվող մասնագիտությունները, քոլեջ-գործատու համագործակցությունը և պահանջված մասնագետ դառնալու հեռանկարները։

ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի կարիերայի ուղղորդման պատասխանատու Գոհար Ղուկասյանը ևս ներկայացրեց քոլեջի հնարավորություններն ու առկա մասնագիտական այլ ուղղություններն իրենց առավելություններով։

Հանդիպմանը ներկա էին 80-ից ավել աշակերտներ, որոնք հանդես եկան իրենց հետաքրքրող հարցերով՝ ընդունելության կարգի և ներկայացված մասնագիտությունների ուսուցման տևողության վերաբերյալ։

 ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: