NEWSARM

SEIRA x MAVETA Մեղվապահության վերաբերյալ դասընթաց՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի խոցելի խմբերի համար

«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագրի և «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրերի շրջանակներում ապրիլին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում տեղի ունեցան մեղվապահության վերաբերյալ դասընթացներ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի խոցելի խմբերի համար։

Դասընթացը վարեց «Մեղվաբուծության դարբնոց գիտակրթական կենտրոնի» ներկայացուցիչ Տիգրան Սեդրակյանը։

«Մեղվապահություն, մեղրաքամի կազմակերպում» և «մեղվապահության հիմունքները, մեղրամթերքի արտադրություն, մարկետինգ» թեմաներով անկացվող դասընթացներին մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց գործնական և տեսական մեթոդաբանությամբ ծանոթանալ մասնագիտությանն առնչվող հիմունքներին։

Դասընթացի գործնական մասում այցելելով Գորիս համայնքի Շինուհայր բնակավայրում գտնվող մեղրի արտադրամաս՝ դասընթացավարը ներկայացրեց առկա սարքավորումների և տեխնիկայի արդյունավետ կիրառմամբ մեղրամթերքի արտադրողականության բարձրացմանը նպաստող քայլերը։

Երկու մարզերում դասընթացին մասնակցեցին շուրջ 40 անձիք։

Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։

«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագիրը խթանում է սոցիալ-տնտեսական ինտեգրումը՝ բարելավելով առողջ սննդի հասանելիությունը և ստեղծելով կայուն կենսապայմաններ գյուղատնտեսության զարգացման միջոցով՝ հզորացնելու փախստականներին և Հայաստանի ընդունող համայնքներին։

SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿն և «Վանանդ Ագրո» ՓԲԸն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿն՝ ՌԶԳի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։