«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագիր շրջանակներում ապրիլի 29-30-ը Աղվերանում տեղի ունեցավ «Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցման ծրագրերի իրազեկում» խորագրով երկօրյա դասընթաց։
Դասընթացը վարեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետ՝ Տիգրան Ալեքսանյանը և գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչության գյուղատնտեսական խորհրդատվության բաժնի պետ Մերինե Աթոյանը։
Էկոնոմիկայի նախարարության ոլորտային պատասխանատուները ներկայացրեցին իրականացված պետական ծրագրերը, դրանցում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև նոր ծրագրերի օրենսդրական կարգավորումները և իրականացման կարգերը։
Երկօրյա դասընթացին մասնակցեցին Գորիս, Սիսիան, Ջերմուկ, Գավառ, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում գյուղատնտեսության ոլորտում ներգրավված փախստականներն ու տեղացի խոցելի խմբերի ներկայացուցիչները։
«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագիրը խթանում է սոցիալ-տնտեսական ինտեգրումը՝ բարելավելով առողջ սննդի հասանելիությունը և ստեղծելով կայուն կենսապայմաններ գյուղատնտեսության զարգացման միջոցով՝ հզորացնելու փախստականներին և Հայաստանի ընդունող համայնքներին։
SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։

