NEWSARM

SEIRA Գեղարքունիքում քննարկվել են սոցիալ-տնտեսական ներառման և արժանապատիվ աշխատանքի խոչընդոտներն ու հնարավորությունները

«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզում կազմակերպված «Հասանելի ծառայություններ և արժանապատիվ աշխատանքային գործունեություն» թեմայով հանդիպում-քննարկումները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ սոցիալ-տնտեսական ներառման ճանապարհին ամենամեծ խոչընդոտները միշտ չէ, որ նյութական կամ ինստիտուցիոնալ բնույթի են։ Դրանք հաճախ կապված են այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են ինքնավստահությունը, հաղորդակցման մշակույթը, անվտանգության ընկալումը և հասարակությունում ձևավորված սոցիալական նորմերը։

Այս հանդիպում-քննարկումների ընթացքում մասնակիցները ծանոթացան պետական և համայնքային սոցիալական ծառայություններին, արժանապատիվ և ապահով աշխատանքի սկզբունքներին, ինչպես նաև ինքնազբաղվածության և ձեռնարկատիրության հնարավորություններին։ Սակայն հանդիպումների կարևորագույն արդյունքը ոչ միայն տեղեկատվության փոխանցումն էր, այլև այն պատկերի ձևավորումը, թե ինչ ներքին և արտաքին գործոններ են ազդում մարդկանց տնտեսական ակտիվության և համայնքային կյանքում մասնակցության վրա։

Ֆոկուս խմբային քննարկումների, ինքնաանդրադարձի (self-reflection) վարժությունների, հաղորդակցման ինքնավստահության ինքնագնահատման և խմբային վերլուծության միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան վեր հանել այն խնդիրները, որոնք հաճախ դուրս են մնում զբաղվածության և սոցիալական ներառման վերաբերյալ քաղաքականությունների ու ծրագրերի ուշադրությունից։

Գեղարքունիքում առանձնացավ հատկապես մեկ կարևոր դիտարկում․ բարբառը շատերի համար շարունակում է ազդել հաղորդակցման ինքնավստահության վրա։ Քննարկումների ընթացքում մասնակիցները նշեցին, որ պաշտոնական կամ նոր միջավայրերում հաճախ փորձում են փոխել իրենց խոսելաձևը՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է սխալ ընկալվել կամ դառնալ գնահատման առարկա։ Այս հանգամանքը ցույց է տալիս, որ լեզվական ինքնությունն ու հաղորդակցման վստահությունը սերտորեն փոխկապակցված են, իսկ ներառական միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ է արժևորել բազմազանությունը, ոչ թե այն հարթեցնել։

🕊️Քննարկումների ընթացքում հստակ արտահայտվեց նաև մեկ այլ կարևոր իրողություն․ ապահովության զգացումը մասնակիցների համար դեռևս վերջնական չի ձևավորվել և անմիջականորեն կապված է երկրի խաղաղության և անվտանգության հետ։ Այս ընկալումը ազդում է մարդկանց երկարաժամկետ ծրագրերի, զբաղվածության, շարժունակության և նախաձեռնողականության վրա՝ ցույց տալով, որ սոցիալ-տնտեսական ինտեգրումը հնարավոր չէ դիտարկել անվտանգային համատեքստից առանձնացված։

Քննարկումների կարևոր ուղղություններից էր նաև չվարձատրվող տնային աշխատանքի և վճարովի աշխատանքի միջև փոխհարաբերության վերլուծությունը։ Մասնակիցների փորձը ցույց տվեց, որ տնային չվարձատրվող աշխատանքը շարունակում է սահմանափակել հատկապես կանանց տնտեսական մասնակցության հնարավորությունները՝ հաճախ մնալով անտեսված թե՛ հանրային քննարկումներում, թե՛ աշխատաշուկայի վերաբերյալ գնահատականներում։ Այդ աշխատանքի ճանաչումն ու արժևորումը կարևոր նախապայման է ավելի հավասար և ներառական տնտեսական միջավայր ձևավորելու համար։

Գեղարքունիքում իրականացված հանդիպումները վերահաստատեցին, որ արժանապատիվ աշխատանքը միայն զբաղվածության ցուցանիշ չէ։ Այն ձևավորվում է այնտեղ, որտեղ մարդիկ ունեն տեղեկատվություն, վստահում են սեփական ձայնին, իրենց ինքնությունը չեն ընկալում որպես խոչընդոտ և ապրում են այնպիսի միջավայրում, որտեղ անվտանգությունն ու ապագայի նկատմամբ վստահությունը հնարավորություն են տալիս կայացնել տեղեկացված և երկարաժամկետ որոշումներ։

 SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։