NEWSARM

Ռազմավարական զարգացման գործակալությունը WTM London 2025-ում․ երբ վիրտուալ Արենին հանդիպում է իրական Լոնդոնին

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ LILA ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը մասնակցել է WTM London 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին՝ ներկայացնելով Ռազմավարական զարգացման գործակալությունը (ՌԶԳ) և խթանելով կայուն զբոսաշրջության զարգացումը ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի և LILA ծրագրի գործընկերներ՝ Nueva Vista տուրօպերատորի և AM TRAVEL ընկերության հետ միասին։
Այս տարվա մասնակցությունը յուրահատուկ էր․ առաջին անգամ Հայաստանի կողմից ներկայացվեց վիրտուալ իրականության (VR) փորձառություն, որը ցուցահանդեսի այցելուներին հնարավորություն տվեց յուրովի զգալ Արենի 1 քարանձավի գինու համտեսի եզակի մթնոլորտը։
Որպես աշխարհի առաջատար զբոսաշրջային միջոցառումներից մեկը՝ WTM London-ը հարթակ է, որտեղ համախմբվում են ոլորտի միջազգային մասնագետները՝ փորձի փոխանակման, նոր համագործակցությունների ձևավորման և զբոսաշրջության ապագան ձևավորող միտումներին ծանոթանալու նպատակով։ ՌԶԳ-ի և նրա գործընկերների մասնակցությունը ևս մեկ կարևոր քայլ էր՝ Հայաստանը ներկայացնելու որպես ինքնատիպ, մշակութային ժառանգությամբ, պատմությամբ և նորարարությամբ հարուստ զբոսաշրջային ուղղություն։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (#ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համատեղ ջանքերով: